Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական կամ դիտորդական աղբյուրներով։
«Այն իշխանությունը, որը Վաղարշապատի ընտրությունների ժամանակ օգտագործել է ողջ պետական ռեսուրսը՝ նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նույնիսկ դպրոց ու մանկապարտեզ, այսինքն մարդկանց ճնշելով, ահաբեկելով տարել է տեղամաս, աշխատանքից ազատելով, կաշառելով փորձել է վերարտադրվել։ Այդ նույն իշխանությունները մարդկանց, ովքեր ոչ պաշտոնական դիրք ունեն, ոչ կաշառք են առաջարկել, մեղադրում են քաղաքացիներին ուղղորդելու մեջ ու այդ հիմքով ձերբակալում»,- մասնավորապես հայտարարել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Վաղարշապատի ընտրությունների քվեարկության արդյունքում ընտրական շեմը հաղթահարել էին՝ «Հաղթանակ» դաշինքը (32%), «Մայր Հայաստան» կուսակցությունը (5.39%) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (48.71%)։
Դաշնակցությունն այստեղ սատարում էր «Հաղթանակ» դաշինքին։
Ի՞նչ են արձանագրել դիտորդները
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իշխան Սաղաթելյանի հայտարարության մեջ հնչած փաստական տվյալները չեն հաստատվել անկախ դիտորդական կազմակերպությունների զեկույցներով։
2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում թե՛ նախընտրական շրջանում, և թե՛ քվեարկության օրը ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, սակայն դրանց մեծ մասը չի հաստատվել։
Օրինակ, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը «նախարարություններ, մարզպետարաններ ևն» գործի դնելու և «մարդկանց ճնշելով, ահաբեկելով» ընտրատեղամաս տանելու մասին՝ դիտորդական առաքելությունների հրապարակած ամփոփիչ զեկույցներում նման ձևակերպմամբ համակարգային և համատարած ճնշման փաստ չի արձանագրվել։
Բացի այդ, Սաղաթելյանը չի ներկայացրել կոնկրետ օրինակներ, թե որ նախարարությունը կամ պետական մարմինն է ներգրավվել և ինչ գործողություն է կատարել։
«Անկախ դիտորդ» դաշինքի զեկույցում նշվում է, որ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման վերաբերյալ ահազանգեր են ներկայացրել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Հաղթանակ» դաշինքները։ Սակայն տվյալ անձանց հետ կապ հաստատելու փորձերը չեն հաջողել, իսկ մամուլում հրապարակված մեկ դեպքի՝ Հայթաղ գյուղի դպրոցի փոխտնօրենի վերաբերյալ, դաշինքը պարզել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Նմանատիպ ահազանգ էր հրապարակել նաև «Հայաքվե» դիտորդական առաքելությունը՝ հղում անելով «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանի պնդմանը, թե Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը իր ազգակցին՝ Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել։ Սակայն այդ պնդման վերաբերյալ որևէ փաստաթղթային կամ իրավական հաստատում չի հրապարակվել։ Նկատենք, որ այս դիտորդական առաքելության կողմնակալ դիրքորոշման մասին ահազանգ էր ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դիտորդական զեկույցներում արձանագրվել են նաև իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր խախտումներ, որոնք փոխանցվել են իրավապահներին․ հարուցվել էր քրեական վարույթ։
Քրեական վարույթի համատեքստը
Սաղաթելյանի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ իրավապահ մարմինների հաղորդագրության՝ «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված անձինք և աջակիցներ մի շարք քաղաքացիների ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին։
Հայաստանում ընտրական գործընթացը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով, իսկ ընտրողի ազատ կամարտահայտությանը ապօրինի միջամտությունը արգելվում է ՀՀ քրեական օրենսգրքով։ Քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ հարկադրանքի, սպառնալիքի, ընտրակաշառքի կամ այլ ապօրինի ազդեցության դեպքում։
«Նախընտրական շտաբների գործունեությունը քրեորեն հետապնդելի է» պնդումը
Սաղաթելյանը նույն տեսանյութում նաև նշել էր․ «Անիմաստ է, որ բացենք նախընտրական շտաբ, ու աշխատի մեր քաղաքացիների հետ, քանի որ նախընտրական շտաբների հիմնական գործառույթը՝ մարդկանց հետ աշխատելու, կազմակերպելու, համոզելու, խնդրելու, ուղղորդելու ․․․ Նիկոլի ռեժիմի պայմաններում քրեորեն հետապնդելի են դառնում։ Այսինքն՝ եթե որևէ տղամարդ իր կնոջը համոզի, խնդրի, հորդորի քվեարկել որևէ քաղաքական ուժի օգտին, կարան ձերբակալեն»։
Հայաստանի օրենսդրությամբ նախընտրական շտաբների գործունեությունը ներառում է քարոզչական աշխատանք կազմակերպելը, ծրագրերը ներկայացնելը, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելը և կամավորների աշխատանքը համակարգելը։
Քաղաքական համոզումը կամ կարծիք արտահայտելը ինքնին հանցագործություն չեն։
Այսպիսով, Իշխան Սաղաթելյանի հնչեցրած պնդումները Վաղարշապատի ընտրություններում «ողջ պետական ռեսուրսի» կիրառման և մարդկանց համակարգված ահաբեկման վերաբերյալ չեն հաստատվում դիտորդական առաքելությունների հրապարակած զեկույցներով։ Ներկայացված են քաղաքական հայտարարություններ և առանձին պնդումներ, սակայն դրանց վերաբերյալ փաստաթղթային կամ իրավական հաստատում առկա չէ։
Նախընտրական շտաբների գործունեությունը օրենքով թույլատրելի քաղաքական աշխատանք է, նախընտրական գործունեություն։ Ընտրողի ազատ կամարտահայտումը պաշտպանվում է օրենքով, սակայն ընտրողին համոզելը կամ ուղղորդելը համարվում է քրեական հանցանք միայն այն դեպքում, երբ ուղեկցվում է ապօրինի ներգործությամբ։
Հասմիկ Համբարձումյան
The post Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով appeared first on FIP.AM.