Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության նոր կարգավորում՝ նոտարական արխիվի ստեղծման առաջարկ

e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում ստեղծել նոտարական արխիվ, որը նպատակ է հետապնդում ապահովել արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունը և հաշվառումը՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, բացառել արխիվային փաստաթղթերի տրամադրման հետ կապված դժվարությունները՝ դրանով իսկ ապահովելով քաղաքացիների որակյալ սպասարկումը:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Արխիվային գործի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը պարտավոր են ստեղծել արխիվ, այլ իրավաբանական անձինք, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության տարբերակը մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը: Այսինքն, նշված կարգավորումը վերաբերում է նաև նոտարներին:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով նոտարների կողմից «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն հանձնված արխիվային փաստաթղթերը հանդիսանում են պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթեր:

Միաժամանակ, «Նոտարիատի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի ուժով նոտարական պալատն է կազմակերպում նոտարական արխիվային փաստաթղթերը համալրելու, հաշվառելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված աշխատանքները:

Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում հարկ է նշել, որ արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանության համար պրակտիկայում առկա են մի շարք խնդիրներ:

Մասնավորապես՝ նախ հարկ է արձանագրել նոտարական արխիվային փաստաթղթերի մեծածավալ լինելու հանգամանքը: Դա պայմանավորված է օբյեկտիվ այն հանգամանքով, որ յուրաքանչյուր նոտարի գործունեության ընթացքում ձևավորվող նոտարական գործերի արխիվը ժամանակի ընթացքում ավելանում է՝ նաև այն հաշվառմամբ, որ Կառավարության 04.04.2019 թվականի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածի 8-րդ բաժնի դրույթների համաձայն՝ նոտարական գործողությունների մի մասի պահպանության ժամկետը մշտական է (նոտարական գործերի գրանցամատյաններ, վարույթով ավարտված ժառանգական գործեր, ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մատյան, Ժառանգական գործերի այբբենական մատյաններ, կտակների հաշվառման այբբենական մատյաններ, նոտարի մոտ պահվող արժեքների հաշվառման մատյան, անշարժ գույքի և մշակութային նշանակության շարժական գույքի օտարման գործարքների վավերացման գործեր): Բացի այդ, գործող շատ նոտարներ տիրապետում են նաև պաշտոնից ազատված, լիազորությունները դադարած նոտարների գործունեության ընթացքում ձևավորված արխիվին՝ որպես վերջիններիս փոխարինող նոտարներ:

Մինչդեռ, նոտարական գրասենյակների տարածքները չեն բավականացնում նոտարական գործերի մեծածավալ արխիվի պահպանության համար:

Վերոգրյալ գործոններով պայմանավորված՝ մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը, առաջանում են անհարմարություններ ինչպես ՀՀ նոտարների կողմից արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանության, այնպես էլ քաղաքացիների որակյալ սպասարկումն ապահովելու, մասնավորապես՝ ողջամիտ ժամկետում արխիվային փաստաթղթերից համապատասխան փաստաթղթեր տրամադրելու տեսանկյունից:

Այս տեսանկյունից կարևոր է նաև նշել, որ ժամանակավոր արխիվացման ենթակա փաստաթղթերի շարքում առկա են նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնք ենթակա են պատշաճ պահպանման՝ ապահովելով գաղտնիության ռեժիմը։ Նման տվյալների պահպանումը պահանջում է արխիվացման պատշաճ պայմաններ։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է այն մասին, որ շատ երկրներում նոտարական արխիվը պահվում է Նոտարական պալատում (օրինակ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, Էստոնիա) և անհրաժեշտ գործիքակազմի, աշխատակազմի, տարածքի առկայության շնորհիվ առավել արդյունավետ են կազմակերպվում նոտարական արխիվային փաստաթղթերի պահպանության հետ կապված հարցերը:

Դա պայմանավորված է գաղտնիության խիստ պահանջներով, պրոֆեսիոնալ վերահսկողությամբ, իրավական ուժի շարունակականությամբ և քաղաքացիների իրավական շահերի պաշտպանությամբ։

Բացի այդ, նոտարական փաստաթղթերը հաճախ ունեն շարունակական իրավական ուժ և անհրաժեշտ են դատարաններին, իրավաբանական անձանց, քաղաքացիներին։

Այս խնդիրների հաշվառմամբ՝ նոտարական պալատը՝ որպես մասնագիտացված կառույց, կարող է ապահովել նոտարական արխիվի ժամանակավոր պահպանությունը՝ նոտարական պալատում առավել արդյունավետ կերպով ապահովելով նոտարական փաստաթղթերի անվտանգությունը, գաղտնիությունը, մատչելիությունը և օրինական վերահսկողությունը։

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայել նոտարական գործունեության ընթացքում ձևավորված ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերի պահպանության և արխիվ հանձնելու վերաբերյալ գործող իրավակարգավորումները՝ նոտարների կողմից «Արխիվային գործի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրենց իրավունքը, ինչպես նաև «Նոտարիատի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով նոտարական պալատին վերապահված գործառույթն առավել արդյունավետ իրացնելու նպատակով:

Վերոշարադրյալ գործոնները պայմանավորում են քննարկվող նախագծերի ընդունման անհրաժեշտությանը:

Ո՞րն է նախագծի նպատակը և ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի նոտարական արխիվ, որը նպատակ է հետապնդում ապահովել արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունը և հաշվառումը՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, բացառել արխիվային փաստաթղթերի տրամադրման հետ կապված դժվարությունները՝ դրանով իսկ ապահովելով քաղաքացիների որակյալ սպասարկումը:

Բյուջետային ազդեցությունը

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են՝ 

  • Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 5-րդ բաժնի «Դատաիրավական բարեփոխումներ» վերտառությամբ 5.3-րդ գլխի 14-րդ պարբերությունից, որի համաձայն՝ «Շարունակվելու են բարեփոխումները (…) նոտարիատի (…) ոլորտներում:»:

 

Leave a comment