2026թ. փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցավ «ՀԳԸՀ (CEPA) իրականացումը քաղաքացիական հասարակության տեսանկյունից․ մարտահրավերներից դեպի հնարավորություններ» աշխատաժողովը։ Ներկայացվեցին 2024-2025թթ. ընթացքում անկախ փորձագետների կողմից իրականացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարողականի մշտադիտարկման արդյունքները։
Ծավալվեց քննարկում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների միջև։ Մշտադիտարկումն իրականացվել է ԵՄ աջակցությամբ՝ GOPA Partners in Action for Change and Engagement կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի մոնիթորինգին, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովի «Բնապահպանական կառավարման, կլիմայի փոփոխության, էներգետիկայի և համաչափ զարգացման ոլորտների բարեփոխումներ» նիստում Ծրագրի փորձագետներից Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականությանն ուղղված քաղաքականությունները ՀԸԳՀ-ի ներքո» զեկուցումը, Արթուր Գրիգորյանը՝ «Բնապահպանական կառավարում և հորիզոնական հարցեր․ ՀԸԳՀ հանձնառության կատարումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման հարցերում», Աստղինե Պասոյանը՝ «ՀԸԳՀ-ի ներքո էներգաարդյունավետության դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների մշտադիտարկում» և Լևոն Բարսեղյանը՝ «ՀԸԳՀ-ի ներքո համաչափ զարգացման դրույթների իրականացման մշտադիտարկում» թեմաներով զեկուցումները։
Կլիմայական քաղաքականություն․ մասնակի առաջընթաց
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ուսումնասիրվել են ՀԸԳՀ-ի 52-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված կլիմայական պարտավորությունների և ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով (ՃՔ) նախատեսված միջոցառումների կատարողականը 2021-2024թթ. ժամանակահատվածում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդունվել է չորս իրավական ակտ, սակայն միջոցառումը կատարվել է մասնակիորեն․ հաշվետու ժամանակահատվածում կանխատեսումների ազգային համակարգը դեռևս չէր ստեղծվել։ «Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգի» ստեղծումը ներառված է Շրջակա միջավայրի նախարարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում։
ՃՔ 130-րդ միջոցառումը վերաբերում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Չնայած ճանապարհային քարտեզում մեղմման մասով առանձին միջոցառում նախատեսված չի եղել, սակայն Հայաստանն ընդունել է Ջերմոցային գազերի ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը և Էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիրը 2022-2030թթ. համար։
Այս միջոցառումը ևս գնահատվել է մասնակիորեն կատարված․ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրով նախատեսված ոչ բոլոր միջոցառումներն են իրականացվել, ոլորտային և մարզային հարմարվողականության ծրագրերը (բացառությամբ ջրային ոլորտի) չեն ընդունվել։
ՃՔ 123-րդ միջոցառումը վերաբերում է չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (MRV) համակարգի ձևավորմանը։ Ընդունվել են կառավարության որոշում և նախարարական հրաման, սակայն նոր ճանապարհային քարտեզով նախատեսվում է MRV համակարգի ամբողջական իրավական կարգավորումը ավարտել մինչև 2029թ. չորրորդ եռամսյակ։
Անտառ
Անտառային ոլորտի վերլուծության շրջանակում ուսումնասիրվել են 1993-2023թթ. տվյալները։ 1993թ. գույքագրմամբ անտառածածկ տարածքները կազմել են 334 հազար 100 հեկտար։ 2023թ. տվյալներով արձանագրվել է շուրջ 45 հազար հեկտարով կրճատում։
Հայաստանը պարտավորվել է մինչև 2030թ. անտառածածկը հասցնել 12.9 %-ի, ինչը ենթադրում է շուրջ 50 հազար հեկտար նոր անտառների ստեղծում։ Սակայն նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2021-2024թթ․ «Հայանտառ»-ի տարածքում հիմնվել է ընդամենը 823 հեկտար նոր անտառ, ինչը կազմում է անհրաժեշտ ծավալի 1.64 %-ը։ Միաժամանակ արձանագրվել են առնվազն 528 հեկտար անտառային հրդեհներ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ այս ժամանակահատվածում այրվել է 528,8604 հեկտար անտառային տարածք, իսկ ապօրինի անտառահատումների քանակը հասել է 40,960 ծառի, անտառների համար կլիմայական թիրախներին հասնելը չափազանց դժվար կլինի»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:
Նա նշեց, որ առաջարկվել է ԵՄ աջակցությամբ իրականացնել անտառների նոր գույքագրում, մշակել անտառային համակարգերի վիճակի գնահատման միասնական ցուցանիշներ և հստակեցնել համայնքային նշանակության անտառային հողերի անտառապատման մեխանիզմները։
«Գյուղատնտեսություն» ոլորտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021-2023թթ. ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերը կրճատվել են շուրջ 1100 հեկտարով։ «Ջրառ» ՓԲԸ-ն 15 ջրօգտագործողների ընկերությունների հետ միասին ջուր է մատակարարել ոռոգելի հողերի միջինում 18.5 %-ին։ Հոսակորուստները որոշ չափով նվազել են՝ 2021-2023 թթ․ կազմել են 19,2% և 2024 թ․՝ 18,6%։ Կառավարության ծրագրով նախատեսված փոքր և միջին ջրամբարների կառուցումը չի իրականացվել։
2021-2024թթ. գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է՝ 11.1%-ից հասնելով 7.9 %-ի։
Ինտենսիվ այգեգործության զարգացման շրջանակում կարկտապաշտպան ցանցերով ծածկված է եղել այգիների 22.32 %-ը։ Զեկույցում առաջարկվել է խրախուսել հակակարկտային ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, զարգացնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը և սահմանել գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության փոփոխությունը բացառող դեպքեր։
«Էներգետիկա» ոլորտի առնչությամբ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ուսումնասիրվել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտը։
Հայաստանի ազգային սահմանված գործողություններով նախատեսվում է մինչև 2030թ. կրկնապատկել վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում։ Փոքր ՀԷԿ-երի և արևային էլեկտրակայանների արտադրանքի մասնաբաժինը կազմել է՝ 2021թ.՝ 8.57%, 2024թ.՝ 19.4%։
«Միտումների պահպանման դեպքում երկիրը կարող է հասնել սահմանված թիրախին», – ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
«Թափոն» ոլորտի առնչությամբ նշվեց, որ ՀԸԳՀ 3-րդ հավելվածով նախատեսված թափոնների կառավարման հիմնական դրույթները հաշվետու ժամանակահատվածում չեն իրականացվել։ Ներկայում շրջանառվում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը։
Կեղտաջրերի ոլորտում վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ կեղտաջրերի շուրջ 91%-ը մաքրման չի ենթարկվում և հոսում է բաց ջրային համակարգեր։ Մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ, սակայն չի ընդունվել։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից սպասարկվող մոտ 580 բնակավայրերում բացակայում են կոյուղու համակարգեր։
Առաջարկվել է նոր ճանապարհային քարտեզում հստակեցնել ՀԸԳՀ հավելված 3-ի պահանջների կատարման մեխանիզմները, ընդունել կեղտաջրերի ոլորտի զարգացման ծրագիր։
Կլիմայական քաղաքականության տեղայնացման ընթացքը գնահատելու նպատակով ուսումնասիրվել են Փամբակ, Դիլիջան, Մարտունի և Եղեգիս խոշորացված համայնքների 2021-2024թթ. սուբվենցիոն և զարգացման ծրագրերը, իրականացվել է նամակագրություն։
Չնայած որոշ ծրագրեր ունեն կլիմայական ուղղվածություն, դրանց ազդեցությունը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից չի գնահատվում։ Համայնքները չեն իրականացրել կլիմայական ռիսկերի գնահատում, չեն մշակել մեղմման կամ հարմարվողականության ռազմավարություններ։ Կլիմայական ծրագրերի իրականացման համար համայնքների մասնագիտական կարողությունները և ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են։
Նիստին հաջորդած քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար։ Նա նշեց, որ մի շարք մատնանշված բացեր արդեն իսկ լրացվել են։ Մասնավորապես՝ 2024թ. ջերմոցային գազերի գույքագրումն իրականացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, և հաստատվել է մեղմման քաղաքականությունների գույքագրման կարգը։
Փետրվար 23, 2026 at 13:38