Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը վերաբացվել է նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան։
Նոր մասնագիտացված ցուցադրությունը տեղակայված է Դիլիջանի պատմամշակութային նշանակության շենքում, որը կառուցվել է 1896 թվականին եւ սերտորեն առնչվում է հայ մշակույթի նշանավոր դեմքերի գործունեության հետ։
Թանգարանը նպատակ ունի վերաիմաստավորել գործվածքի դերը հայ մշակութային ինքնության, ոչ նյութական մշակութային ժառանգության եւ ժամանակակից համայնքային զարգացման համատեքստում։
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։
Սամսոն Բեկ-Հարությունյանի կառուցած շենքը եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, ով բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։
Տան վերջին բնակիչը Հովհաննես Շարամբեյանն էր, ում նախաձեռնությամբ եւ որոշմամբ էլ շենքը վերածվեց Ժողովրդական արվեստի թանգարանի։
1979 թվականին Հովհաննես Շարամբեյանն իր հավաքածուն նվիրեց Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը։
Թանգարանի հավաքածուն բաղկացած էր ժողովրդական արվեստի առարկաների նրա անձնական հավաքածուից, նշանավոր գիտնական Սերիկ Դավթյանի անձնական հավաքածուից, ինչպես նաեւ Դիլիջանում այդ պահին գործող վարպետների աշխատանքներից: Թեեւ ներկայացված էին ժողովրդական արվեստի ոլորտի տարբեր ճյուղերը, սակայն հիմնական շեշտադրումը հայկական գործվածքի ուղղությամբ էր:
Դա պայմանավորված էր նրանով, որ Հովհաննես Շարամբեյանը եւ Սերիկ Դավթյանը համատեղ կազմել էին հայկական ասեղնագործության եւ ժանյակի վերակենդանացման մեծ ծրագիր, իսկ թանգարանը ֆիզիկական այն միջավայրն էր, որտեղ ամփոփվում էր ծրագրի առանցքային մասը:
Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ Դիլիջանի թանգարանն ի սկզբանե ունեցել է հայկական գործվածք ներկայացնելու հատուկ շեշտադրված նպատակ: Հետագայում ժողովրդական արվեստի մյուս ճյուղերը աստիճանաբար սկսեցին ավելի լայն կերպով ներկայացվել թանգարանում:
2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջոցներով շենքում սկսվել էին վերականգնման աշխատանքները՝ շենքը վթարային վիճակում էր։
Այսօր Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ իրենց տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով եւ կիրառական ձեւերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:
Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրը եւ կոլորիտը։
Հայկական գործվածքի թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, եւ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը:
Փետրվարի 21-ին համադրողները ներկայացրել են թանգարանի նոր ցուցադրության ամբողջական հայեցակարգը՝ բացահայտելով այն գաղափարական առանցքը, որի շուրջ ձեւավորվել է ցուցադրությունը։
Համադրողների հետ շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու նմուշները, այլեւ լսելու դրանց ստեղծման պատմությունները, կիրառության միջավայրի, խորհրդանշական նշանակության եւ ժամանակաշրջանի մասին մանրամասն բացատրությունները։
Իր խոսքում Նարեկ Վան Աշուղաթոյանը, մասնավորապես, ասաց.
«Այս օրը իմ կյանքի չմոռացվող օրերից է: Այն ինձ համար կարեւորում է երկու հանգամանքով: Առաջինն այն է, որ փլուզումից փրկվում է մի կարեւոր հուշարձան: Երկար ժամանակ այս հոյակապ շենքը վթարային վիճակում էր: Փլուզվել էր նրա պատշգամբներից մէկը, իսկ պատերի ճեղքերն այնքան էին լայնացել, որ մարդու ձեռքն ազատորեն տեղավորվում էր այնտեղ:
Այս շենքը հուշարձան է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլ նաեւ իր պատմությամբ, երեւելի մարդկանցով, որոնց անուններն անջնջելիորեն կապված են այս կառույցի հետ:
Շենքը 1896 թ.-ին կառուցվել է որպես ամառանոց եւ նրա առաջին բնակիչն է եղել Արցախի մելիքների տոհմից նշանավոր մշակութային գործիչ, ազգային բարերար իշխանուհի Մարիամ Թումանյանը: Նա մեծ ներդրում ունի Հայոց ցեղասպանության հետեւանքով Դիլիջանում հայտնված գաղթականների որբախնամության գործում: Նա իր անձնական հովանավորության տակ է վերցրել ավելի քան 150 որբերի խնամքը, օժանդակել նրանց, հիմնել գորգագործական արհեստանոցներ:
Այս հարկի ներքո հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանը, դերասանուհի Սիրանոույշը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը եւ այլոք։ Իսկ շենքի վերջին բնակիչը եղել է պապս՝ Հովհաննես Շարամբեյանը, որը հօգուտ պետության հրաժարվեց իրեն հատկացված այս տնից եւ նախաձեռնեց այս թանգարանի հիմնումը:
Շուտով այս թանգարանը դառնում է մի կարեւոր մշակութային հանգույց, որը ստեղծում է նոր իրականություն, փոխում է քաղաքի մթնոլորտը: Կորստից փրկում են ժողովրդական արվեստի բացառիկ նմուշներ, ազգային մշակույթի շուրջ միավորվում են վարպետներ, տեղի է ունենում հանրային ճաշակի փոփոխություն»:
Նարեկ Վան Աշուղաթոյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ առաջին անգամ Հայաստանում բացվում է հայկական գործվածքի թանգարան:
«Հայկական գործվածք ասելով՝ նկատի ունենք հայկական գորգերը, կարպետները, ժանյակը, հայկական ասեղնագործության տարբեր դրսեւորումները:
Փորձել ենք այս համեստ սրահներում հնարավորինս լայն հորիզոնով պատկերացում տալ հայկական գործվածքի տարբեր դպրոցների մասին:
Գուցե աստվածային նախախնամությամբ, բայց ինչպես իշխանուհի Մարիամ Թումանյանն էր Դիլիջանում ընդունում կորուսյալ հայրենիքի տարբեր վայրերից փրկված որբերին եւ օգնում նրանց վերստին ապրելու, արարելու, այսօր էլ այս թանգարանն է նոր կյանք պարգեւում մեծ հայրենիքի տարբեր անկյուններից` Մարաշից, Այնթափից, Ուրհայից, Կարինից, Վանից, Շուշիից եւ այլ վայրերից փրկված սրբազան մասունքներին: Եվ մենք անկեղծորեն հավատում ենք, որ դրանք անպայման մեզանում նոր հոգեւոր ծիլեր են տալու»:
Նարեկ Վան Աշուղաթոյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանին՝ «այս պատասխանատու գործը մեզ վստահելու համար»:
Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլեւ կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։
Կարեւոր ուղղություն է նաեւ կրթական բաղադրիչը. թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների եւ լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժեւորմանը, էթնիկ ինքնության ձեւավորմանը եւ համայնքային մշակութային կյանքի ակտիվացմանը։