Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) 79-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում կիրակի՝ փետրվարի 22-ին:

Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտը  մարտից հետո» One Battle After Another ֆիլմը արժանացել է ամենաշատ մրցանակների (վեց), մինչդեռ ռուս ռեժիսոր Պավել Տալանկինի և ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն արժանացել է  «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Անդերսոնի ֆիլմը, որի գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Շոն Փենը, Բենիսիո դել Տորոն և Թեյանա Թեյլորը, առաջադրվել է 14 անվանակարգերում:  Ֆիլմը, որը պատմում է Միացյալ Նահանգներում ձախակողմյան արմատական ​​խմբավորման անդամների կյանքի մասին, արժանացել է մրցանակների «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Անդերսոնն ինքը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ Փենը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Ռայան Քուգլերի ռեժիսորությամբ նկարահանված ամերիկյան «Մեղավորները» սարսափ ֆիլմը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ամենաշատ մրցանակներով։ Ֆիլմը, որը ստացել էր 13 անվանակարգ, հաղթել է «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում։ Նիգերիացի-բրիտանացի դերասանուհի Վունմի Մոսակուն, որը նկարահանվել է «Մեղավորները» ֆիլմում, արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակին։

ԴիԿապրիոն, որը նկարահանվել է «Մարտը  մարտից հետո» ֆիլմում,  ֆրանսիացի ու ամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն, որը նկարահանվել է Ջոշ Սաֆդիի «Մարտին Հրաշալի» ֆիլմում, մնացել են առանց մրցանակների: Վերջին ֆիլմը  ստացել է 11 անվանակարգ, բայց չի կարողացել հաղթել ոչ մեկում։

Լավագույն դերասան անվանակարգում ԴիԿապրիոյից և Շալամեից առաջ է անցել բրիտանացի Ռոբերտ Արամայոն, որը «Ես կռվում եմ» I Swear) ֆիլմում խաղացել է Ջոն Դևիդսոնի՝ շոտլանդացի ակտիվիստի դերը, որը խոսում է Տուրետի համախտանիշի մասին:

Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է իռլանդացի Ջեսի Բաքլիին, որը նկարահանվել է Քլոե Չժաոյի «Համնետ»  պատմական ողբերգության մեջ, որը պատմում է Ուիլյամ Շեքսպիրի որդու կյանքի մասին: 11 անվանակարգում մրցանակ ստացած ֆիլմը նաև ճանաչվել է «Լավագույն բրիտանական ֆիլմ»։

Դանիա-չեխական համատեղ արտադրության «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցներում քարոզչության մասին, արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Այն հիմնված է Չելյաբինսկի մարզի Կարաբաշ քաղաքի դպրոցի ուսուցիչ և կազմակերպիչ Պավել Տալանկինի կողմից նկարահանված տեսանյութերի վրա՝ սկսած Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից՝ 2022 թվականի փետրվարին:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի հունվարի 25-ին Սանդենսի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment