Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ անձ մահացել է, վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Նշվել է, որ երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
Ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մասնակից անձանց շրջանակը և միջոցներ է ձեռնարկել նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փետրվարի 20-ին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ միջադեպի առթիվ ձերբակալման որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ։
Փետրվարի 21-ին ՀՀ ՔԿ-ն հայտնել է, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։