Այս պահին մայրաքաղաքում մոտ 70% աշխատանքներն իրականացված են, ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այս շաբաթվա ընթացքում կարող ենք ֆիքսել, որ փողոցներն ամբողջապես մաքրված կլինեն ավազի մնացորդներից։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով փողոցների մաքրման աշխատանքներին։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը հայտնեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրումը աղավազային խառնուրդի մնացորդներից ինտենսիվորեն շարունակվում է։
«Այս պահին մայրաքաղաքում մոտ 70% աշխատանքներն իրականացված են», – ասաց Կատվալյանը՝ նշելով, որ համայնքային հիմնարկի կողմից օգտագործվել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են ևս 78 միավոր տրակտորներ և ինքնաթափեր։
Նրա խոսքով՝ աշխատանքները փոքր-ինչ դանդաղում են, քանի որ կուտակված աղավազային շերտը բազմաթիվ փողոցներում բավականին հաստ և կոշտացած է և հնարավոր է հեռացնել միայն տրակտորներով և բահերով, որից հետո արդեն մաքրված տարածքը ամբողջությամբ կարգի է բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաների միջոցով։
Կատվալյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ նախատեսվում է արդեն վերջնական ավարտել աշխատանքները։