2022-2025 թթ.-երին Հայաստանի տնտեսության աճի միջին տեմպը կազմել է բարձր 7,8%, նշում են գործակալության վերլուծաբանները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 5,3%, իսկ 2027 թվականին՝ 4,8%:
«2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսության աճի միջին տեմպը կազմել է բարձր 7,8%: Սա մեր կողմից գնահատվող 143 երկրների շարքում աճի ամենաբարձր տեմպերից մեկն է», – նշված է գործակալության զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ միջնաժամկետ հեռանկարում աճի տեմպերի որոշակի դանդաղումը պայմանավորված է այն սպասումներով, որ Ռուսաստանից վերաարտահանման, ինչպես նաև աշխատուժի և կապիտալի ներհոսքի հետ կապված գործոնները կշարունակեն նվազել:
«Մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի սպառմամբ և մասնավոր ներդրումներով: Դրան կնպաստեն աշխատաշուկայի կայուն պայմանները, գնաճի դանդաղման ֆոնին իրական եկամուտների բարելավումը, վարկավորման բարենպաստ պայմանները, ինչպես նաև շինարարության և ծառայությունների ոլորտում շարունակվող ներդրումները», – ասված է զեկույցում։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով տնտեսական աճը նախատեսված է 5,4% մակարդակում։ Ըստ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 4,1-6,3% միջակայքում, իսկ 2027 թվականին՝ 4,9-5,3%:
Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականի համար. ԵԱԶԲ՝ 5,3%, Համաշխարհային բանկ՝ 4,9%, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 5,5%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 4,5%, Fitch Ratings՝ 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար)