Կիրակին տրամադրում է ընտանեկան ու ապաքաղաքական մտորումների, թեև մենք այնքան քաղաքականացված կյանքով ենք ապրում, որ դա էլ է խիստ հարաբերական: Քանի որ մեր հանրության մի հատված շարունակ մի հարցի պատասխանն է փնտրում, թե ինչպես կարող է մտածող, քիչ թե շատ գրագետ մարդը չտեսնել այն ավերածությունները, որոնք կատարվել են մեր երկրում և 2026 թվականին ՔՊ ու Նիկոլ պաշտպանել, ուզում եմ ձեզ պատմել իմ մեծ հորեղբոր մասին:
Առհասարակ իմ հայրական տոհմը բացառիկ խելացի ու տաղանդավոր մարդկանցից էր կազմված, իսկ մեծ հորեղբայրս, որ 3 բարձրագույն կրթություն էր ստացել, ուղղակի քայլող հանրագիտարան էր: 16 տարեկանում Վանաձորից, 20 ռուբլի փող ձեռքին, մեն մենակ մեկնել էր Մոսկվա` սովորելու և իր ազգի բոլոր տղաների համար Մոսկվայի համալսարանի դռները բացել: Ինքն էլ հաստատվել Մոսկվայում ու դարձել Ռուսաստանի քաղաքացի: Տնտեսագիտական կրթություն ուներ, բայց ժուռնալիստիկան էր ընտրել` «Լիտգազետայի» երկարամյա թղթակիցն էր, բայց հոգով-սրտով դիսիդենտ էր` դեմ սովետական պոլիտբյուրոյին, համահարթեցմանը, խոսքի ու տեղաշարժի սահմանափակումներին: Մինչև Սովետի քանդվելը պայքարում էր այդ կարգերի դեմ, որը ներսից գիտեր` խորությամբ: Բանտ նստելուց բախտի բերմամբ էր փրկվել` Խրուշչովի անսպասելի հրաժարականի շնորհիվ: Հիմա, ցավոք, չկա` 2 տարի առաջ մահացել է` 79 տարեկանում:
Եվ այս ըմբոստ, ազատատենչ, ողջ կյանքում եվրոպական ազատ կյանք երազած մարդը, որ կապիտալիզմի ջատագովն էր, սովետական հասարակարգը համարում էր հակամարդկային, ռուս ազգին էլ խիստ վերապահումով էր վերաբերվում, կյանքի վերջին փուլում հանկարծ դարձավ երդվյալ պուտինիստ ու ռուսական կայսերական գաղափարների կրող: Ոչ մի փաստարկով հնարավոր չէր համոզել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը որևէ, անգամ աննշան սխալ է թույլ տալիս: Նա պուտինյան քաղաքականությունը կրծքով պաշտպանում էր, ասում էր Ռուսաստանը մեջքն ուղղեց Պուտինի շնորհիվ: Խաղաղասեր ու տոլերանտ մարդը դարձել էր պատերազմի կողմնակից ու անգամ հազարավոր զոհերն աչքին չէին երևում:
Ինչ եմ ուզում ասել. մարդկային բանականությունը զարմանալի բան է: Մանավանդ տարիքն առած մարդկանց մոտ նման տրանսֆորմացիաներ պատահում են: Ուստի զարմանալի չէ, որ նիկոլական զանգվածը, որպես կանոն, 50-նն անց մարդիկ են:
Մի ազդակ, մի ինֆորմացիա, մի գործոն կարող է նրանց ուղեղում ու սրտում հավերժ դաջվել` ջնջելով մյուս բոլոր ինֆորմացիաները: Իմ հորեղբոր համար աշխարհին դաս տվող ուժեղ տղայի, իր երկրի շահերը պաշտպանող ու սահմաններն ընդլայնող Պուտինի կերպարը ջնջել էր մնացած ամեն ինչ: Նրան դարձրել սիրելի որդի, անփոխարինելի ղեկավար:
Մեր հասարակության մի մասն էլ երևի այդպես անհույս սիրահարված է Փաշինյանին, ով կարողացել է «հաղթել» Սերժ Սարգսյանին և ստիպել, որ նա հրաժարական տա (Սերժ Սարգսյանը` որպես նախկին իշխանությունների հավաքական սիմվոլ): Հիմա այդ «կինոյի տղան» որ երկիրը ավերում է, ամեն ինչ քանդում, ոչնչացնում արժեքներ ու ավանդույթներ, մեկ է` նա 18-ին այդ «հրաշքը» գործած տղան է այլևս…
ՀԳ Պուտինին ու Նիկոլին չեմ համեմատում, ոչ էլ Հայաստանը Ռուսաստանի հետ, մարդկային հոգեվիճակի համեմատություն է ընդամենը: Նկարում իմ սիրելի հորեղբայրն է, որի պակասը շատ եմ զգում…😥