Չինացի հայտնի փիլիսոփան ասում է. «Եթե դու ինչ-որ մեկին ուժգին ատում ես, հանգիստ նստիր գետի ափին և սպասիր` ջուրը կբերի թշնամուդ դին»: Գարեգին երկրորդ կաթողիկոսը հավանաբար լավ է ուսումնասիրել չինական փիլիսոփայությունը (ոչ թե որովհետև «կրթվելը նորաձև է», այլ որովհետև դա իմաստուն կենսափիլիսոփայություն է) և հիմա գետի ափին նստած հանդարտ «սպասում է»…
Ոմանք, իհարկե, համաձայն չեն այն մարտավարության հետ, որը որդեգրել է Վեհափառը եւ որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցին վերջին 7-8 ամիսների ընթացքում ու կարծում են, որ Մայր աթոռը պետք է կտրուկ գործողությունների դիմի, պայքարի մղի ու առաջնորդի մարդկանց, թույլ չտա, որ իր զավակներին կալանավորեն ու խոշտանգեն, քայլեր ձեռնարկի: Մեղքս ինչ թաքցնեմ` ես էլ եմ այդպես մտածել: Բայց պետք է նաև ընդունել, որ պետության, նրա ուժային ու ադմինիստրատիվ լծակների դեմ մերկ ձեռքերով չես մարտնչի: Քո զինանոցում միայն արդարությունը, Աստծո զորությունն ու հավատքն ունենալով չես հաղթի բիրտ ուժին ու բռնությանը: Մանավանդ երբ իշխանությունն այդ լծակները, բռնությունն ու ապօրինությունները կիրառելու հարցում ոչ մի կոմպլեքս չունի եւ օտար զավթիչի նման է վերաբերվում սեփական եկեղեցուն ու նրա սպասավորներին:
Այդ իմաստով` գուցե հիստերիկ ու անօրեն իշխանության դեմ պայքարելու առավել արդյունավետ միջոց է «գետի ափին նստելն ու ջրի բերած դիակին սպասելը», ինչը եւ անում են Մայր աթոռն ու նրա առաջնորդը: Ընդ որում, գետն արդեն «փոքրիկ դիակներ» է բերում…հաջողություններ են գրանցում:
Մեկն այն է, որ չնայած բոլոր խոչընդոտներին եւ իշխանության կողմից անամոթ ճնշումներին, որով փորձում էին կանխել եպիսկոպոսաց ժողովը, այնուամենայնիվ, այն կայացավ եւ եպիսկոպոսները բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկան (թեև 8 տիրադավներին կարգալույծ անելու առաջարկ չհնչեց):
Արձանագրենք նաև, որ չնայած այդ ճնշումներին, տարբեր խայծեր ու գայթակղություններ, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելուն, 7-8 ամսում այս հակաեկեղեցական պայքարը զրո արդյունք է գրանցել եւ փակուղի մտել` մարդիկ մերժում են այն, տիրադավների շրջանակն էլ ոչ թե ընդլայնվում է, այլ նեղանում, իշխանությանը երբեմնի սատարող սփյուռքահայ մեծահարուստներն անգամ արդեն բացահայտ հայտարարում են` ձեռքերդ հեռու եկեղեցուց:
Եվ ամենակարևորը. եկեղեցուց պոկված 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկը` ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդը դարձի եկավ եւ վերադարձավ կանոնական ուղի: Մեր աղբյուրներն ասում են, որ նրա օրինակին առաջիկայում էլի հետևող է լինելու…
Ամեն դեպքում իրենց տան, օջախի, ուխտի դեմ ելած այդ 8 անձը խիստ աննախանձելի վիճակում են հայտնվել` «ետևը` սուր, առջևը`ջուր»…
Մարդ էլ ինքն իր դատավճիռը նման ձևով արձակի՞ ու կենսագրության նման անփառունակ ավարտ ունենա…