Թվում է` մի անմեղ, անգամ ուրախալի լուր է հայտնել վարչապետի կինը` իրենց ամուսնությունը գրանցել են ԶԱԳՍ-ում (թեև ձևակերպումը սխալ էր ու միանգա…

Թվում է` մի անմեղ, անգամ ուրախալի լուր է հայտնել վարչապետի կինը` իրենց ամուսնությունը գրանցել են ԶԱԳՍ-ում (թեև ձևակերպումը սխալ էր ու միանգամից չհասկացվեց` ինչ է նշանակում «քաղաքացիական ամուսնությունն ավարտվեց»), և պետք է միայն շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հնչեին, մանավանդ` խնդրել էր կոռեկտ լինել, բայց ինչքան լուտանք ու չարախոսություն հնչեց, ինչքան անեծք ու ծաղր և դրա մեղավորը չարախոսող ու հայհոյող մարդիկ չեն, այլ հենց իրենք, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին ու հայհոյանքը, չարախոսությունը դարձրել հանրային շփման միջոց:

Նաև այնպես են կառչել իշխանությունից, որ մարդկանց մի ճանապարհ են թողել` հայհոյելն ու անիծելը: Որ համառորեն չեն ուզում տեսնել` հանրային մերժումն այսօր ավելի մեծ է, քան 2018-ին էր` Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ուղղակի այն ժամանակ այդ «մերժումն» առաջնորդող կար` հանձին Փաշինյանի, այսօր չկա: Եթե լիներ, ինքը վաղուց այդ աթոռին չէր լինի:

Իսկ դժգոհության ալիքն օրըստօրե հզորանում է, աճում, դառնում ավելի վտանգավոր: Վտանգավոր` նախ իրենց համար: Իշխանությունը պահելու ցանկացած նոր ջանք ու ճիգ, իշխանափոխության յուրաքանչյուր հետաձգում հայտնի չէ, թե ինչ հետևանքների կհանգեցնի և ինչ ավարտ կունենա, այդ թվում` ողբերգական:

Անգամ ամիսներ առաջ չեզոք, նույնիսկ դրական տրամադրված մարդիկ են սկսել հիասթափվել իրենցից: Զրուցակիցս դեռ դեկտեմբերին` ընդամենը 2 ամիս առաջ, ամուր որոշում ուներ` «ընտրելու եմ Նիկոլին» և բացատրում էր` ուրիշ արժանի թեկնածու չեմ տեսնում, համակրում եմ, համարում եմ, որ մեր երկրի շահերին ծառայող, սրտացավ ղեկավար է:
Անցել է 2 ամսից պակաս ժամանակ, վստահ եմ, որ ոչինչ չի փոխվել և հերթական հանդիպմանն աշխատում եմ քաղաքականությունից առհասարակ չխոսել: Բայց, ի զարմանս ինձ, ինքն է խոսակցությունը բացում` «չեմ ընտրելու Նիկոլին»: Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս կարճ ժամանակում:

Երեք պատճառ է նշում նախկին նիկոլականը.
Ահավոր հիասթափվել է, երբ տեսել է, որ իրեն սպասարկող մեքենայի վրա թիվ 1 պետհամարանիշն է դրել: Ասում է` անլուրջ մարդ է, պետության ղեկավարը չի կարող 20 տարեկան լակոտի կայֆերով տարվել:
Երկրորդ պատճառը եկեղեցու դեմ արշավն է: Ասում է` սկզբում կարծում էի` գուցե իրոք ուզում է եկեղեցին մաքրե՞լ, չէի հավատում, որ պետության ղեկավարը կարող է իր երկրի քաղաքացիների հավատքն այդպես տրորել, պատերազմ հայտարարել սեփական եկեղեցուն, ուշ հասկացա, որ լրիվ ուրիշ ծրագիր է իրականացնում:
Եւ երրորդը, որն ազդել է զրուցակցիս հայացքների վրա, պարգևավճարների թեման է: Ինքը պետական ծառայող չի, բայց` «բյուջեն բոյախանի կարասի նման լափել չի կարելի»: Ասում է` սա նշանակում է, որ մարդն արդեն լրիվ անկառավարելի է դարձել, իրեն «ցար ի բոգ» է զգում` նշանակում է հեռանալու ժամը եկել է …

Source

Leave a comment