Կեղծ խաղաղություն, կեղծ անվտանգություն, կեղծ դեմոկրատիա, կեղծ բարեկեցություն, կեղծ արդարադատություն, կեղծ հանրային աջակցություն, կեղծ ասֆալտ…

Կեղծ խաղաղություն, կեղծ անվտանգություն, կեղծ դեմոկրատիա, կեղծ բարեկեցություն, կեղծ արդարադատություն, կեղծ հանրային աջակցություն, կեղծ ասֆալտ…անգամ կեղծ սեր ու կեղծ սրտիկներ..մենք սովորեցինք կեղծիքի մեջ ապրելուն: Իհարկե, դա 18-ից հետո չի սկսվել, ուղղակի գնալով ծաղկեց, զարգացավ ու այնպիսի չափերի հասավ, որ մենք այլևս չենք էլ նկատում:

Բայց այսօր ուզում եմ անդրադառնալ այդ կեղծ իրականության մի` առաջին հայացքից անկարևոր, դրսևորումին: Ես 2000 թվականից ի վեր տարվա մեջ 2-3 անգամ Եվրոպա եմ մեկնում` կարճ` 1-2 շաբաթով: 20 տարի շարունակ որևէ խնդիր չի եղել Շենգեն վիզա ստանալու հետ կապված, հիմնականում 1, երբեմն 2 տարով խփել են կնիքը, բառացիորեն մի քանի օր է տևել դիմելուց մինչև վիզա ստանալը: Այն պահից երբ այս իշխանությունը սկսեց դեպի Եվրոպա «գնալ», անգամ խորհրդարանն օրենք ընդունեց այդ մտադրության մասին, Շենգեն վիզա ստանալը դարձավ ծննդաբերելու նման մի բան…որպեսզի համոզվեմ, որ իմ դեպքը բացառություն չի (գուցե եվրոպացիները մենակ ինձ են սկսել չսիրել) ես փոքր հարցախույզ արեցի մշտապես Եվրոպա մեկնողների շրջանում և ահա թե ինչ պատկեր ստացա.

-Շենգեն վիզա ստանալու ծախսերը կրկնապատկվել են` բոլոր դեսպանությունների մասով օր վերցնող, հերթ առաջ գցող դալալների մեծ համակարգ է ձևավորվել: Դեսպանությունները իրենց «ծառայությունների» գներն են բարձրացրել, ՎԻՊ ծառայություններ են հորինել, որոնք բավականին թանկ արժեն: Օրինակ, Իսպանիայի վիզային կենտրոնը 100 հազար դրամի կարգի գումար է գանձում` արտահերթ դիմողներից և, ասենք, մեկ ամսով վիզա է տալիս, որ ինչքան հնարավոր է հաճախ դիմես ու շատ մուծվես:

-Առաջ 1-2 տարով վիզա էին տալիս, հիմա կարող է 10 տարի շարունակ մուլտիվիզա ստացած անձին 25 օրվա, 1 ամսվա մուտքի թույլտվություն տան և ոչ մի բացատրություն, թե` ինչու: Կամ ընտանիքի մի անդամին վիզա տան, մյուսին` ոչ, երբ ընտանիքը համատեղ հանգիստ է պլանավորել Եվրոպայում:

– Բոլոր դեսպանություններն ու վիզային կենտրոնները փաստաթղթերի այնպիսի փաթեթ են ուզում` բանկային հաշվից քաղվածքներ, տեղեկանքներ և այլն, ու այնպիսի քաշքշուկ են ստեղծում, որ առանց տուրիստական գործակալներին, փաստաթղթեր լրացնող մասնագիտացված գրասենյակներ դիմելու գրեթե անհնար է այդ պահանջները բավարարելը:

– Դեսպանատուն դիմելու հերթը որոշ երկրների դեպքում կարող է 8-9 ամիս ձգվել, իսկ այսօրվա ակտիվ կյանքի պարագայում դժվար է այդքան երկար պլանավորելը և մարդիկ հաճախ փաստի առաջ են կանգնում` ուշանում են կարևոր միջոցառումներից, իրավիճակ է փոխվում և իրենք են հրաժարվում ուղևորությունից: Վերջապես, Շենգենն էլ առաջվանը չէ` նայում են, թե որ երկրից ես ստացել վիզան, ուր ես մեկնել, ինչու վիզա տվող երկիր չես մեկնել, ինչու ես ժամանել և այլն…ուղղակի արհամարհանք ՀՀ քաղաքացու հանդեպ, նվաստացում…

Իսկ իշխանության տարբեր օղակներից 10 օրը մեկ հաղորդագրություններ են տարածում, թե վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ այս արինք, այն արինք: Հատկապես ՆԳ նախարար Արփինեն է շատ սիրում տարբեր եվրոպացիների հետ քննարկել այդ հարցերը: Իսկ վիզա ստանալը գնալով բարդանում է ՀՀ քաղաքացիների համար: Եվս մի կեղծիք, որ այս իշխանությունը կերցնում է ժողովրդին:

Ի դեպ, սա էլ է վկայում այս կառավարության ապաշնորհության ու խեղճության մասին` ոչ մի երկրում ու կառույցում իր քաղաքացիների համար ոչ մի հարց չի կարողանում լուծել, իր քաղաքացիների իրավունքները չի կարողանում պաշտպանել, ոչ մի խոստում ավարտին չի հասցնում և բոլոր հարցերում հետընթաց, անկում, իրավիճակի վատթարացում…

Source

Leave a comment