«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՔԿ նախագահի մամուլի նախկին քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռիսկերի առումով Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ Խորհրդի թիրախում հայտնված ՀԱՄԱՍ-ը Թեհրանի համար առանձնակի նշանակություն ունի։ Խաղաղության խորհրդի ձևավորմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ն տոտալ հիբրիդային պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ ստեղծելով միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված իր, ըստ էության, կապիտուլացիոն պահանջները չկատարելու դեպքում նրա դեմ աննախադեպ ծավալի ռազմական գործողություն սկսելու իրական տպավորություն։ Խորհրդի մանդատը Գազայից դուրս հանելու` Վաշինգթոնի ձգտումների ֆոնին՝ այդ կառույցը կարող է ծառայեցվել Իրանի դեմ ռազմական կամպանիայի լեգիտիմացմանը։
     Այդ դեպքում Երևանը ստիպված է լինելու կիրառել Իրանի համար համոզիչ «վերապահման մեխանիզմներ»։ Օբյեկտիվորեն, Թեհրանը կարող է ըմբռնումով մոտենալ Հայաստանին միայն այն դեպքում, եթե Երևանը հստակեցնի իր դերը` որպես Գազայում զուտ հումանիտար գործընկեր և ապահովի թափանցիկություն իր ներգրավվածությանսահմանների հարցում։
     Վարչապետ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական որևէ գործընթացի մաս, թույլ է տալիս կարծելու, որ Երևանի գործողությունները հաշվարկված են, և «կարմիր գծերը»՝ հստակեցված։
     Այս իմաստով՝ Հայաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին պետք է դիտարկել` որպես զգուշավոր, ինչ-որ իմաստով նաև անայլընտրանք ներկայության քաղաքականություն։ Բայց դա դիվանագիտական բարձրագույն պիլոտաժ պահանջող խաղ է»։

Leave a comment