Որոշ տարածված համեմունքներ կարող են ազդել տրամադրության վրա և նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը։ Այս եզրակացությանն են եկել չինացի հետազոտողները, որոնք ամփոփել են համեմունքների՝ ուղեղի վրա ազդեցության վերաբերյալ փորձարարական և կլինիկական ուսումնասիրությունների տվյալները։ Գրախոսությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում։
Հեղինակները նշում են, որ քրքումը, զաֆրանը, կոճապղպեղը, սև պղպեղը և չիլի պղպեղը պարունակում են բուսական ծագման կենսաակտիվ միացություններ՝ նեյրոպաշտպանիչ հատկություններով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են ազդել դեպրեսիայի հետ կապված հիմնական մեխանիզմների վրա՝ նվազեցնելով նեյրոբորբոքումը և օքսիդատիվ սթրեսը, կարգավորելով նեյրոհաղորդիչների նյութափոխանակությունը և ազդելով աղիք-ուղեղ առանցքի վրա: Քննարկվում է նաև դրանց դերը նեյրոպլաստիկության՝ ուղեղի հարմարվելու և նոր կապեր ձևավորելու ունակության ապահովմանհարցում:
Ի տարբերություն ավանդական հակադեպրեսանտների, համեմունքները սովորաբար օգտագործվում են փոքր չափաբաժիններով՝ որպես ամենօրյա սննդակարգի մաս: Սա կարող է ապահովել աստիճանական և բազմաշերտ ազդեցություն՝ համեմատաբար բարենպաստ անվտանգության պրոֆիլով: Այնուամենայնիվ, հետազոտողները ընդգծում են, որ ակտիվ բաղադրիչների կենսամատչելիությունը և ճշգրիտ թերապևտիկ դեղաչափերը պահանջում են հետագա ուսումնասիրություն։
Հեղինակները կարծում են, որ սննդի և բուսական բաղադրիչների դերի ըմբռնումը հուզական վիճակի կարգավորման հարցում կարող է ընդլայնել դեպրեսիայի կանխարգելման և օժանդակ բուժման հնարավորությունները: