Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը թույլ է տվել Բուքինգհեմյան պալատի աշխատակիցներին բացել արխիվներն ու փաստաթղթերը ոստիկանության համար, որը հետաքննում է Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի՝ նախկին արքայազնի գործը, գրում է The Observer-ը։
Քննիչներին հասանելիություն կտրամադրվի փաստաթղթերին և նամակագրությանը, ինչպես նաև կառավարական նյութերին, որոնք վերաբերում են Էնդրյուի գործունեությանը Մեծ Բրիտանիայի առևտրի ներկայացուցչի պաշտոնում, հայտնել է պարբերականի աղբյուրը։
Էնդրյուի դեմ մեղադրանքները կապված են այն հանգամանքի հետ, որ 2010 թվականին, զբաղեցնելով միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, նա ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին փոխանցել է կառավարության գաղտնի զեկույցներ, գրում է The Wall Street Journal-ը։ Մասնավորապես, Էնդրյուն Էփշտեյնին ուղարկել է իր այցերի վերաբերյալ հաշվետվություններ Վիետնամ, Սինգապուր, Հոնկոնգ և Շենժեն, իսկ ֆինանսիստը խորհուրդներ է տվել, թե ում հետ պետք է հանդիպի արքայազնը Չինաստան կատարելիք ուղևորության ընթացքում։ WSJ-ն այս տեղեկությունները ներկայացնում է՝ հղում անելով ԱՄՆ կառավարության հրապարակած փաստաթղթերին։
Բացի այդ, Էնդրյուն Էփշտեյնին փոխանցել է Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմակողմ խմբի կողմից կազմված գաղտնի ամփոփագիր Աֆղանստանի վերաբերյալ, ինչպես նաև իր նամակագրությունը ԱՄԷ-ի ներդրումային բանկիր Թերենս Ալենի հետ, որտեղ նա մանրամասներ էր հայտնում Royal Bank of Scotland-ի վերակազմավորման մասին։
Հենց սա, այլ ոչ թե Էփշտեյնի հետ ընկերությանը վերագրվող սեռական հանցագործությունների մեղադրանքներն են դարձել նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության պատճառը, գրում է WSJ-ն։ Հարցաքննությունից հետո Էնդրյուին ազատ են արձակել, իսկ ոստիկանությունը շարունակում է քննությունը։ Այդ թվում, ինչպես նշում է The Observer-ը, կշարունակվեն խուզարկությունները Բերքշիր կոմսությունում գտնվող նրա նստավայրում՝ Վինձորի մերձակայքում, որտեղ Էնդրյուն ապրել է մինչև փետրվարի սկիզբը։
Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը՝ նախկին արքայազնը և թագավոր Կառլ III-ի կրտսեր եղբայրը, ձերբակալվել է փետրվարի 19-ին (իր 66-ամյակի օրը)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Ձերբակալության պաշտոնական պատճառը սկզբում անհայտ էր, և շրջանառվում էին վարկածներ, որ այն կարող է կապված լինել Էնդրյուի և Էփշտեյնի ընկերության, ինչպես նաև սեռական հանցագործությունների կասկածների հետ։
Էփշտեյնի ֆայլերից, որոնք վերջին ամիսներին հրապարակել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հետևում է, որ Էնդրյուն պարբերաբար նամակագրություն է վարել ֆինանսիստի հետ և քննարկել հնարավոր գործարար գործարքներ, հասարակական հանդիպումներ, ինչպես նաև կանանց, որոնց Էփշտեյնը առաջարկել է ծանոթացնել արքայազնին։ Նրանց մի մասն Էնդրյուն ընդունել է Բուքինգհեմյան պալատում։
2025 թվականի հոկտեմբերին Բուքինգհեմյան պալատը զրկել է արքայազն Էնդրյուին բոլոր տիտղոսներից և հայտարարել, որ նա պետք է լքի Վինձորում գտնվող Royal Lodge առանձնատունը։ Փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ էր արել Էնդրյուին ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսին Ջեֆրի Էփշտեյնի գործով։