Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել են դեպքի հանգամանքները, և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հայտնում։