Թբիլիսյան խճուղով դրան տարեք Սեւանի դաչա





Քիչ էր մնացել Տիգրան Ավինյանին մի շնորհակալական նամակ գրեի՝ առ այն, որ շատ էլ լավ է անում, որ Աճառյան փողոցի փոսերը չի լցնում: Չեք պատկերացնի, թե որքան հանգիստ է այսպես: Ինչ ձյունը հալվել, ու փոսերը բացվել են, Աճառյան փողոցում դադարել են վարչապետական կորտեժի մրցարշավները, արդեն որքան ժամանակ է՝ չենք լսում՝ կանգնե՛ք, կանգնե՛ք, քաշի աջ, կանգնի՛ր, տու, տու, տու, «Օպելի» վարորդ, կանգնիր, աջում կանգնի՛ր, այ… Մոտ մեկ ամիս առաջ եմ մեր վերգետնյա անցումի վրա պարեկներ տեսել, որոնք հսկում են, որ վարչապետական կորտեժի անցման պահին քաղաքացիներն ինչ-որ առարկաներ չնետեն ցած: Մի խոսքով՝ Աճառյան փողոցի վրա մե հանդարտություն էր իջել, մե խաղաղություն, որ էլ չասելու:

Երեկ առավոտյան, երբ դեռ մտմտում էի՝ գրե՞լ այս մասին Ավինյանին, թե՝ չգրել, նկատեցի, որ փոսերի շուրջը ասֆալտը կտրտել են, պատրաստվում են կարկատել: Փաստորեն, Աճառյան փողոցի բնակիչներիս ուրախությունը կարող է կարճ տեւել: Ուր որ է՝ Վաշինգտոնից կվերադառնա, ու էլի կսկսվի՝ կանգնե՛ք, կանգնե՛ք, քաշի աջ կանգնի՛ր, տու, տու, տու, «Օպելի» վարորդ, կանգնիր, աջում կանգնի՛ր, այ… Բա հիմա չգրե՞մ՝ պարոն Ավինյան, մենք ի՞նչ վատություն ենք արել քեզ, որ ամեն անգամ հենց Աճառյան փողոցն ես նորոգում: Դու ուրիշ փողոցի անուն չգիտե՞ս: Թբիլիսյան խճուղով դրան տարեք Սեւանի դաչա, Գեղարքունիք, Տավուշ, թողեք, աճառյանաբնակները մի քիչ դինջանան այդ վայնասունից:
Ու քանի որ արդեն մտքովս անցել էր Ավինյանին նամակ գրել, ասի՝ չուշացնեմ, երկաթն էլ, հո գիտեք, տաք-տաք են ծեծում: Պարոն Ավինյան, պատահաբար չգիտե՞ք, որ Աճառյան փողոցում ամեն օր ծանր եւ կայուն խցանումներ են լինում: Օրվա գրեթե բոլոր ժամերին փակ են թե՛ դեպի քաղաք իջնող եւ թե՛ քաղաքից դուրս եկող ճանապարհահատվածները: Մի՞թե հնարավոր չէ այնպես կարգավորել երթեւեկությունը, որ ընդամենը 2,5 խաչմերուկ ունեցող փողոցում այդպիսի վիճակներ չստեղծվեն: Ախպոր պես, Աճառյան-Ծարավ աղբյուր խաչմերուկի պարեկներին տարհանեք այդտեղից: Էնքան են «շվիշտոկ» տալիս, որ «խելացի» լուսացույցի ֆազերը «քցում են», ու էդ խեղճ հարիֆն սկսում է անկանոն աշխատել: Մի անգամ նույնիսկ կապույտ լույս էր վառել…

Հարցին վերջնական լուծում տալու համար առաջարկում եմ Ծարավ աղբյուր թաղամասն Աճառյան փողոցի հետ կապել կարճ թունելներով կամ էստակադաներով: Դա էլ հո մետրո կառուցել չէ՞, որ չկարողանաք: Այո, փող է պետք դրա համար, իսկ փող պիտի որ լինի, եթե 8,5 միլիարդ դոլարը, ներողություն արտահայտությանս համար, չեք կոխել ասֆալտի մեջ եւ ամբողջությամբ չեք լափել:
Անցյալ օրն էլ բարեկամս էր զանգել, թե մի բան էլ Գայի պողոտայի երթեւեկության մասին գրի, որովհետեւ մեզ մոտ էլ նույն վիճակն է: Իսկ ես Երեւանում այդպիսի բարեկամներ շատ ունեմ: Երրորդ մասից են զանգում, Չարբախից, Էրեբունուց, Բութանիայից, Տերյան փողոցից, Շրջանայինից, Մոնումենտից, Կոմիտասից, Բաղրամյանից, Ցիրկի խաչմերուկից, Մալաթիայից, Արշակունյացից, Տիգրան Մեծից եւ անգամ՝ ԱՄՆ դեսպանատնից: Ես ո՞ր մեկի ցավին հասնեմ, պարոն Ավինյան, ես հո քաղաքապետ չե՞մ, որ մարդիկ մի բան չասած՝ իսկույն կատարեմ: Ես քո հնարավորություններն ունենայի, պարոն Ավինյան, երթեւեկության հարցը վաղուց լուծած կլինեի: Մի քիչ վարչարարություն ցուցաբերեք: Հեռացրեք բոլոր կարմիր գծերն ու արգելեք մայթեզրին կայանելը: Այսօր Երեւանի բոլոր փողոցների աջ շարքերը կանգնած են, կայանած մեքենաների ծայրը չի երեւում: Շատերը բակից իրենց մեքենան հանում են, որ 1-2 կիլոմետր գնան աշխատանքի եւ ամբողջ օրը կայանեն մայթեզրին: Սա շռայլություն չէ՞ Երեւանի համար: Խոսեք կառավարության հետ, պետական հիմնարկների աշխատողներին պարտադրեք ոտքով գնալ աշխատանքի, ավտոբուս հատկացրեք, որ 30-40 ավտոմեքենայի փոխարեն մեկ ավտոբուսով հասնեն գործատեղ: Տեսեք՝ ինչ է կատարվում կառավարության տան շուրջը, կառավարական մյուս շենքերի շուրջը… Ես քաղաքապետ լինեի, եւ իմ քաղաքում այսպիսի պոռնոգրաֆիա՞ տիրեր…

Երթեւեկությունը չեք կարողանում կարգավորել, ասֆալտ չեք կարողանում անել, մա՞յթ էլ չեք կարողանում սարքել: Կասե՞ք՝ ինչ կազմակերպություն է շահել էկոնոմիկայի նախարարության շրջակայքի մայթերը կարգի բերելու տենդերը: Այդ կազմակերպությունը, պատահաբար, կապ չունի՞ իշխանական որեւէ շրջանակի հետ: Բա մի հատ համեցեք նշված տարածք, պարոն Ավինյան, էկոնոմիկայի նախարարի հետ ձեր սարքած մայթով քայլեք դեպի Տիգրան Մեծի փողոց ու տեսեք, թե ինչպես են սալահատակ շարել մայթին: Նախապես ասեմ՝ զգույշ կքայլեք, դարուփոս է, ոտքներդ չտաք քարերին ու շան փայ չլինեք: Հասկացանք, որ դրսի փողը ՔՊ-ի հետեւն եք մտցնում, որ վերընտրվեք: Բայց մի՞թե չի կարելի վերահսկել, որ մեր հարկերից աշխատավարձ ստացող շինկազմակերպությունը նորմալ անի իր գործը ու չխաբի ձեզ էլ, քաղաքացուն էլ:

Մինչ հանդիպում, պարոն քաղաքապետ: Շատ բան ունեմ քեզ ասելու, կամաց-կամաց կասեմ, որ դու էլ կամաց-կամաց անես:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»


Leave a comment