Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը

Քաղաքականություն

21.02.2026 | 18:08

Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով Հունգարիա նավթի տարանցումը չի վերականգնվել, փոխանցում է Forbes-ը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նախազգուշացրել է, որ իր երկիրը կդադարեցնի Ուկրաինային վթարային էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Ուկրաինան արդեն փետրվարի 23-ին չվերականգնի նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթատարով։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիևը առաջարկում է վնասված «Դրուժբա»-ի փոխարեն նավթի փոխադրումների համար օգտագործել «Օդեսա–Բրոդի» նավթատարը։

«Քանի դեռ Ուկրաինան արգելափակում է «Դրուժբա» նավթատարը, Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինային նախատեսված 90 մլրդ եվրո ռազմական վարկը»,-հաստատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Եվրահանձնաժողովում փետրվարի 19-ին հաստատել են, որ Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են Ուկրաինա դիզվառելիքի մատակարարումները։ Եվրահանձնաժողովը վերլուծում է իրավիճակը, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա‑Կայսա Իտկոնենը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը չի շտապեցնում Ուկրաինային «Դրուժբա» նավթատարի վերանորոգման հարցում և Կիևի համար կոնկրետ ժամկետներ չի սահմանում՝ միայն հետաքրքրվել է հնարավոր ժամկետներով։

Leave a comment