Սպանnւթյnւն, uպանnւթյան փnրձ, վիրավnրներ․ ի՞նչ նnրnւթյnւն կա Աջափնյակի կրակnցներից

Ինչպես արդեն հայտնել ենք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Քննչական Կոմիտեից MediaHub-ին տեղեկացրին, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

«Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշում են ՔԿ-ից։

Բացի այդ, քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Արմենիա» ԲԿ տեղափոխված յոթ անձանցից մեկը մահացել է, նրանցից 6-ին վիրահատվել են։ 

Իսկ ի՞նչ վիճակում են հիմա վիրավորները․ MediaHub-ը փորձեց ճշտել հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանից։ 

«Հինգ հոգի այստեղ են, բոլորը բաժանմունքներում են, որևէ մեկը ռեանիմացիայում չի, բուժման ընթացքում են, բոլորի վիճակը միջին ծանրության է կամ նույնիսկ բավարարին մոտ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Կուրղինյանը։

Նշենք, որ MediaHub-ը գրել էր, որ 1 անձ արդեն դուրս է գրվել հիվանանդանոցից։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ժամը 16,00-ին՝ Աջափնյակում կրակոցներ են եղել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ։ Վիրավորների թիվը տարբեր է շրջանառվում, պաշտոնապես հայտնի է, որ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկը մահացել է։ Վերջինս 45-ամյա Արսեն Վարդանյանն է, ինչ վերաբերում է վիրավորում ստացած անձանց, ապա նրանք տարբեր տարիքային շեմ ունեն․ ամենաերիտասարդը՝ 18 տարեկան է։ Մամուլը հրապարակել է տուժած անձանց ինքնությունը, համաձայն որի վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։

 

Մարիաննա Արամյան

Leave a comment