Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններին, ինչը խաթարում է եկեղեցականների բնականոն առաքելությունը և հավտացյալների հոգևոր կյանքը։
Նորին Սրբությունը հաստատել է, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:
Պատվիրակության անդամներն իրենց զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման և ազգային ինքնության պահպանման գործում։