Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն

Թուրքիան ձերբակալել է եվրոպացի վեց ակտիվիստների, որոնք երկիր էին ժամանել՝ քաղբանտարկյալների բանտային պայմաններն ուսումնասիրելու համար։ Նրանք կարտաքսվեն երկրից AFP-ին հայտնել է նրանց փաստաբանը, գրում է Turkish Minute-ը։

Խումբը ձերբակալվել է Ստամբուլում հինգշաբթի՝ Մարդու իրավունքների գրասենյակ (HHB) անունով հայտնի իրավաբանական խմբի հետ հանդիպումից հետո, ասել է նրանց ներկայացնող Առաջադեմ իրավաբանների ասոցիացիայի (CHD) Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Նաիմ Էմինօղլուն։ Նա նշել է, որ վեց ակտիվիստներն Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունը նրանց տեղեկացրել է, որ կալանքի տակ են արտաքսման սպասման համար, նրանց անձնագրերն առգրավվել են։

HHB-ն, որը հայտնի է քաղաքական հակառակորդներ համարվող անձանց պաշտպանությամբ, բազմիցս թիրախավորվել է թուրքական իշխանությունների կողմից՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության ճակատի (DHKP-C) հետ ենթադրյալ կապերի համար, որը ծայրահեղ ձախակողմյան խմբավորում է և Թուրքիայի, Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Կազմակերպությունը հերքում է մեղադրանքները։

HHB-ի ներկայացուցիչները նշել են, որ այցելուները Թուրքիա են ժամանել դիտորդական առաքելության շրջանակում, որը, նրանց նկարագրմամբ, կենտրոնացած էր երկրի բանտային համակարգի և որոշ քաղբանտարկյալների համար մենախցերի կիրառման ուսումնասիրության ուղղությամբ: Ակտիվիստների ​​խմբի ֆրանսիացի անդամը հաստատել է այս տեղեկությունը AFP-ին:

Թուրքիան քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների պաշտպանության խմբերի կողմից՝ այն մեղադրանքների պատճառով, որ որոշ կալանավորներ պահվում են փոքր խցերում՝ սահմանափակ բնական լույսի հասանելիությամբ և մեկուսացված, ինչը, քննադատների կարծիքով, վնասակար է նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության համար։

Իսպանիայի ժողովուրդների կոմունիստական ​​կուսակցությունը (PCPE)) X-ում հայտարարել է, որ պատվիրակության կազմում եղել է իր անդամներից մեկը։ Կուսակցությունը ձերբակալություննները որակել է որպես կամայական և դրանք կապել խմբի դիտորդական առաքելության հետ։

Այս ձերբակալությունները տեղի են ունենում նույն օրը, երբ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է գերմանական Deutsche Welle-ի համար աշխատող թուրք լրագրողի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment