Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինֆլուենսերը վարում ուղիղ հեռարձակումը, երբ ֆիլտրը մի քանի վայրկյանով անհետանում է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ինֆլուենսերների կողմից հետևորդներ ներգրավելու նպատակով գեղեցկացնող ֆիլտրեր օգտագործելը նորություն չէ, սակայն ուղիղ եթերի ժամանակ տեխնիկական խափանումը կարող է իսկական մղձավանջ դառնալ սթրիմերների համար։
Նմանատիպ մի միջադեպ տեղի է ունեցել չինացի բլոգերի հետ, որն այս օրերին վիրուսային տարածում է գտել համացանցում, գրում է The Tribune-ը։
Չինացի հայտնի սթրիմերը, ըստ տեղեկատվության փոխանցման, կորցրել է շուրջ 140,000 հետևորդ այն բանից հետո, երբ ուղիղ եթերի ժամանակ «բյութի» ֆիլտրը հանկարծակի անջատվել է և ցույց տվել նրա իրական դեմքը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինֆլուենսերը վարում ուղիղ հեռարձակումը, երբ ֆիլտրը մի քանի վայրկյանով անհետանում է։ Այդ պահին տեսանելի է դառնում նրա բնական դեմքը՝ մաշկի սովորական կառուցվածքով և երանգով։ Սակայն հաշված վայրկյաններ անց ֆիլտրը նորից միանում է՝ վերադարձնելով տիկնիկային տեսքը՝ հարթ մաշկով, մեծ աչքերով և ընդգծված դիմագծերով։
Չնայած անսպասելի խափանմանը՝ նա պահպանում է հանգստությունը, ուղղում մազերը, ժպտում և շարունակում եթերը։
Թեև հետևորդների կորստի հստակ թիվը պաշտոնապես չի հաստատվել, սակայն սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում, այդ թվում՝ X-ում և Instagram-ում, լայնորեն տարածվում է 140,000-ի հասնող կորստի մասին տեղեկությունը։
Միջադեպը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Օգտատերերի մի մասը քննադատել է չափից շատ ֆիլտրեր օգտագործելու և լսարանին մոլորեցնելու պրակտիկան։