ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով Իրանին, որ վերջինս պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով Իրանին, որ վերջինս պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «իսկապես վատ բաներ» տեղի կունենան, գրում է Reuters-ը։
Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ Թրամփը նշել է, որ բանակցություններն ընթանում են լավ, սակայն Թեհրանից պահանջել է հասնել «իմաստալից» գործարքի։
«Հակառակ դեպքում վատ բաներ տեղի կունենան», -նշել է Թրամփը, որը բազմիցս սպառնացել է հարձակվել Իրանի վրա։
Ավելի ուշ, նախագահական օդանավում (Air Force One) նա մանրամասնել է, որ 10-15 օրը բավարար և առավելագույն ժամանակն է համաձայնության համար՝ ընդգծելով, որ Իրանը այսպես թե այնպես պետք է գործարքի գնա։
Անդրադառնալով հունիսին իրականացված ամերիկյան ավիահարվածներին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Իրանի միջուկային ներուժը «ջախջախված է»՝ չբացառելով հետագա քայլերի հնարավորությունը։
«Մենք գուցե ստիպված լինենք մեկ քայլ առաջ գնալ, կամ գուցե՝ ոչ», – ասել է ԱՄՆ նախագահը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում Թեհրանը հայտարարել է, որ ինքը որևէ պատերազմ չի սկսի, սակայն «ռազմական ագրեսիայի ենթարկվելու դեպքում Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափորեն»։
Իրանական կողմը զգուշացրել է, որ հարձակման դեպքում տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները, օբյեկտները և գույքը կդառնան «օրինական թիրախներ»։ Թեհրանը շեշտել է, որ ցանկացած անկանխատեսելի հետևանքի համար ողջ պատասխանատվությունը կրելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։