ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ

Քաղաքականություն

20.02.2026 | 18:24

ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այսօր չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլի շուրջ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով The Guardian-ին։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նրանք կարող են կրկին հանդիպել այս շաբաթավերջին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ առաջարկվող պատժամիջոցները կրկին քննարկելու համար։ Համաձայնեցված պատժամիջոցների փաթեթը պետք է հաստատվեր փետրվարի 23-ին նախատեսված արտաքին գործերի նախարարների նիստում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովը ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի նախագիծը, որը նախատեսվում էր հաստատել մինչև փետրվարի 24-ը՝ լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցը։ Դրա հիմնական թիրախը էներգետիկ և ֆինանսական համակարգերն են. այն առաջարկում է ռուսական նավթի ծովային ծառայությունների լիակատար արգելք և «ստվերային նավատորմի» պատժամիջոցների ցանկի ընդլայնում։

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է դժվարացնել Մոսկվայի համար նոր լցանավերի ձեռքբերումը՝ սահմանափակումները շրջանցելու համար, ինչպես նաև արգելել հեղուկ բնական գազի լցանավերի և սառցահատների սպասարկումը և որոշակի ծառայությունները։

Այնուամենայնիվ, այս շաբաթ Եվրահանձնաժողովի առաջարկները՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին անօրինական նավթ վաճառելուն օգնող օտարերկրյա նավահանգիստների և բանկերի դեմ, դիմադրության են հանդիպել դաշինքի ներսում։

Ըստ լրատվամիջոցների՝ մի քանի եվրոպական մայրաքաղաքներ մտահոգություն են հայտնել Վրաստանի և Ինդոնեզիայի ռազմավարական նավահանգիստների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկների վերաբերյալ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլի շրջանակում։ Բացի այդ, աղբյուրները հայտնում են, որ Իտալիան և Իսպանիան դեմ են Կուբայի բանկի դեմ պատժամիջոցներին։ Այն կղզու միակ ֆինանսական հաստատությունն է, որը զբաղվում է օտարերկրյա արժույթներով և սպասարկում է դիվանագետներին ու ԵՄ քաղաքացիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment