«Դուք արել եք առավելագույնը, և ձեր ջանքերը իզուր չեն». ԿԳՄՍ փոխնախարարը՝ ՀՀ-ն ներկայացնող գեղասահքի զույգին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։
Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։
«Մենք արդեն ունենք Հայաստանի համար աննախադեպ արդյունք, ինչի համար շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Չնայած մրցումների բարձր լարվածությանը՝ դուք արել եք առավելագույնը, և ձեր ջանքերը իզուր չեն»,– նշել է Հասմիկ Ավագյանը։
Գեղասահորդները նշել են, որ թեև նպատակ ունեին հայտնվել լավագույն տասնյակում, սակայն անկախ արդյունքից՝ Օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում են մեծ ձեռքբերում և կարևոր փորձ իրենց մարզական կարիերայում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, մարզումային գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: