Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար

Քաղաքականություն

20.02.2026 | 13:35

DW-ի թուրքական ծառայության թղթակից Ալիջան Ուլուդաղը ձերբակալվել է Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակային վիրավորելու և «հրապարակայնորեն մոլորեցնող տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի դատախազությունը։

Նրա կալանքի վերաբերյալ որոշումը սպասվում է փետրվարի 20-ին։ Մեղադրանքները վերաբերում են շուրջ մեկուկես տարի առաջ X սոցիալական ցանցում արված գրառմանը: Դրանում լրագրողը քննադատել է թուրքական իշխանություններին ԻԼԻՊ-ի հնարավոր զինյալներին ազատ արձակելու համար: Ուլուդաղը նաև մեղադրել է թուրքական կառավարությանը կոռուպցիայի մեջ:

DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը, մեկնաբանելով թուրքական իշխանությունների հայտարարությունները, ընդգծել է. «Մեր գործընկերոջ դեմ մեղադրանքներն անհիմն են»։

Ալիջան Ուլուդաղը «հայտնի հետաքննող լրագրող է, որը, ի թիվս այլ թեմաների, կոռուպցիոն հետաքննություններ է անցկացնում, լայն կապեր և հասանելիություն ունի կարևոր աղբյուրներին»։

Մասինգը նշել է, թե այն փաստը, որ լրագրողը ձերբակալվել է 30 ոստիկանների կողմից և անմիջապես տեղափոխվել Ստամբուլ, վկայում է «նպատակային ահաբեկման մասին և ցույց է տալիս, թե որքանով է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը»։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունն Ուլուդաղի ձերբակալությունը որակել է հեղինակավոր լրագրողների նկատմամբ «դատական ​​հետապնդման մաս»: RSF-ը հավելել է, որ Ուլուդաղը կարող էր «գրգռել կառավարությանն իր հետաքննություններով»։

Ալիջան Ուլուդաղը լրագրողական կարիերան սկսել է 2008 թվականին Cumhuriyet թերթում, արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment