ՔԿ-ի փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են. Արսեն Բաբայան

Լրագրողների հետ ընթացող հանդիպմանն Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականին վերագրվող վարկաբեկիչ տեսագրություններին, ասել է․ «Երեք երկրներից ստացել ենք տեսագրությունների միջազգային փորձաքննությունների արդյունքները, էլի երկրներ կան, որտեղից սպասում ենք եզրակացությունների, բայց երեքը բավարար են, որպեսզի խոսենք այդ մասին»։

Փաստաբանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները. երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Անդրադառնալով այս հայտարարությունից հետո ՔԿ այն մեկնաբանությանը, թե այդ միջազգային փորձաքննությունների եզրակացություններն ապացուցողական բնույթի նշանակություն չունեն, Բաբայանն այն որակել է տարօրինակ ու շատ զարմանալի։

«ՔԿ-ն մի բան էլ խոսեց այն մասին, թե իբր իրենց կողմից նշանակած փորձաքննությամբ հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ առկա մարդը Արշակ Սրբազանն է։ Նախ շատ զարմանալի է, թե ինչու ՔԿ-ում չգիտեն, որ փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ; Ասել Քրեական դատավարության օրենսգրքից դուրս իրականացրած փորձաքննություն, ինձ համար անհասկանալի է»,-ասել է Բաբայանն ու ընդգծել, որ իրենք այդ փորձաքննությունները չեն իրականացրել, որ քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնեն։

Փաստաբանը հիշեցրել է, որ վարույթի շրջանակում թեև Արշակ Սրբազանն ունի վկայի կարգավաիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակում է։

«Առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող՝ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով հարուցված վարույթով։  Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքն առնչություն չունի տեսագրության ու դրա իրողությունների հետ, հետևաբար չի կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքը խախտելու առումով»,-ներկայացրել է Բաբայանը՝ ավելացնելով, որ գործի քննության ուղղությունը պետք է լինի Արշակ Սրբազանի անունն արատավորելը, ատելություն սերմանել նրա ու եկեղեցու նկատմամբ, հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքն ու դրա տարածումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment