Ալեն Սիմոնյանի՝ «մանկապիղծ հոգևորականների» օրինակը մոլորեցնող է. Դատախազությունում քրեական գործ չկա

Ռուսաստանյան ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և պետության միջև հարաբերությունների լարվածությանը։ 

Սիմոնյանը, նշելով, թե պետությունը հակամարտության մեջ է ոչ թե եկեղեցու, այլ ՀԱԵ-ի որոշ սպասավորների հետ, օրինակ է բերել հոգևորականների մասնակցությամբ մանկապղծության ենթադրյալ դեպքերը։

«Ես ուզում եմ բերել այսպիսի օրինակ՝ ենթադրենք որևէ երկրում լինի բարձրաստիճան հոգևորական, որը մանկապիղծ է։ Եթե սրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ պաշտոնյա, դա արդյո՞ք կդառնա հարձակում եկեղեցու վրա։ Չի կարելի թաքնվել եկեղեցու հետևում և դա համարել ինդուլգենցիա»,- ասել է Սիմոնյանը (տեսանյութում 5։20 րոպեին)։ 

Լրագրողը, ներողություն խնդրելով, փորձել է հստակեցնել՝ ո՞ւմ նկատի ունի Սիմոնյանը մանկապիղծներ ասելով, ինչին ի պատասխան Սիմոնյանը ընդգծել է․ «Կան բարձրաստիճան հոգևորականներ, 4-5 հոգի, որոնք նման իրավիճակների մեջ են հայտնվել»։

Ավելի ուշ, Սիմոնյանը գրել է. «..իբր ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում: Տարբերակ՝

ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,

բ) դիմեք դատարան զրպարտության համար»։ 

Նշենք, որ Սիմոնյանը ենթադրյալ մանկապիղծ հոգևորականների մասին օրինակը բերել է պետության՝ ՀԱԵ-ի հետ հարաբերությունների համատեքստում և լրագրողի համապատասխան հարցին ի պատասխան։ 

Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք այդ օրինակը վերաբերելի էր ՀԱԵ-ի հոգևորականներին, թե՝ ոչ, դրանք մոլորեցնող են՝ թե՛ հայկական, և թե՛ հատկապես թեմային ոչ այնքան տեղյակ միջազգային լսարանի համար։ 

Սրան զուգահեռ՝ հիշեցնենք, որ եկեղեցու հետ հարաբերությունների լարվածության համատեքստում մանկապղծության թեման արծարծել էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նրանց անվանելով «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ գլխավոր դատախազությունից տվյալներ է խնդրել ՀԱԵ սպասավորների մասնակցությամբ մանկապղծության դեպքերի կամ դրանց առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ 

Ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ իրենց գերատեսչությունում նման քրեական գործ չկա։ 

Հարցման պատասխանը:

Փաստացի, բարձրաստիճան պաշտոնյաները ՀԱԵ-Պետություն հարաբերությունների լարվածության համատեքստում արծարծում են մանկապիղծ հոգևորականների թեման՝ երբեմն ուղիղ մեղադրանքների, երբեմն էլ լսարանին մոլորեցնող օրինակների միջոցով։ 

Փաստն այն է, սակայն, որ իրավապահ մարմինները չեն հայտնում նման դեպքերի վերաբերյալ քրեական գործերի մասին։ 

Նանե Մանասյան

The post Ալեն Սիմոնյանի՝ «մանկապիղծ հոգևորականների» օրինակը մոլորեցնող է. Դատախազությունում քրեական գործ չկա appeared first on FIP.AM.

Leave a comment