Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին

Քաղաքականություն

19.02.2026 | 22:37

Telegram-ը որևէ խախտում չի հայտնաբերել իր կոդավորման մեջ, օտարերկրյա հետախուզական գործակալությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին: Այս մասին Reuters-ին հայտնել են մեսենջերի մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն։

«Ռուսաստանի կառավարության պնդումը մեր կոդավորումը կոտրման մասին միտումնավոր կեղծիք է և հորինվածք, որը նախատեսված է Telegram-ի արգելքն արդարացնելու և քաղաքացիներին զանգվածային հսկողության և գրաքննության համար նախատեսված պետական ​​​​վերահսկողության տակ գտնվող հաղորդագրությունների հարթակն օգտագործելուն հարկադրելու համար»,- հայտարարել է Telegram-ը՝ ի պատասխան գործակալության հարցման:

Փետրվարի 18-ին Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մաքսութ Շադաևը հայտարարել էր, որ օտարերկրյա հատուկ  ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի նամակագրությանը։ Նրա պնդմամբ՝ նախարարությունն ունի «իրավապահ մարմիններից ուղիղ հաստատում»։

«Ցավոք, եթե հատուկ ռազմական գործողության (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) սկզբում Telegram-ը համարվում էր մեր զինվորականների կողմից օգտագործվող համեմատաբար անանուն ծառայություն, այժմ կան բազմաթիվ փաստեր, որոնք հաստատվել են մեր մարմինների  կողմից և վկայում են, որ օտարերկրյա հետախուզական գործակալությունները հասանելիություն ունեն Telegram-ի նամակագրությանը»,- հայտարարել էր Շադաևը։

Ռուսաստանը սկսեց սահմանափակել Telegram-ի գործունեությունը 2025 թվականի ամռանը։ 2026 թվականի փետրվարի սկզբին իշխանությունները որոշեցին ավելի խստացնել Ռուսաստանում մեսենջերի դեմ պայքարը։ Ռոսկոմնադզորը հայտարարեց, որ կշարունակի «հետևողական սահմանափակումներ» կիրառել մեսենջերի նկատմամբ՝ «Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանությունն ապահովելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment