Միջոցառումը նպատակ ունի կինոսերներին ներկայացնել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի ժանրային և թեմատիկ բազմազանությունը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 20-ից 22-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը, որը կազմակերպվել է «ՌՈՍԿԻՆՈ»-ի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Միջոցառումը նպատակ ունի կինոսերներին ներկայացնել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի ժանրային և թեմատիկ բազմազանությունը՝ դառնալով յուրօրինակ տոն մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։
Փառատոնի բացումը կազդարարվի Իգոր Վոլոշինի «Բուրատինո» (2025թ․) գունագեղ հեքիաթ-ֆիլմի ցուցադրությամբ, որը հայտնի պատմության նոր և տպավորիչ էկրանավորումն է։
Ծրագրում ներառված են նաև այս տարվա այլ ուշագրավ նորույթներ, այդ թվում՝ Մաքսիմ Վոլկովի «Բժիշկ Դինոզավրովը» ընտանեկան արկածային կինոնկարը և Անտոն Մասլովի «Ամուսնուդ բարև» կատակերգական մելոդրաման, որը նվիրված է մարդկային բարդ փոխհարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությանը։
Մարզական և պատմական ժանրերի սիրահարների համար կցուցադրվեն Արտյոմ Միխալկովի «Առաջինը Օլիմպոսում» դրաման՝ օլիմպիական չեմպիոնի հաջողության ուղու մասին, ինչպես նաև Ալեքսանդր Կոտտի «Հյուսիսային բևեռ» արկածային ժապավենը։ Վերջինս պատմում է մարդկային կամքի և տեխնոլոգիական ձեռքբերումների մասին՝ ներկայացնելով պատմության մեջ առաջին անգամ ատոմային սուզանավի անցումը հաստ սառցաշերտերի տակով դեպի Հյուսիսային բևեռ։
Եռօրյա փառատոնը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ծանոթանալու ռուսական կինոարտադրության ամենաթարմ ձեռքբերումներին և վերջին թողարկումներին։