Լույսը թող ճառագի մեզնից. արտաքսման կիրակի. ի՞նչ դասեր քաղենք

 

Արտաքսման կիրակի. ի՞նչ դասեր քաղենք Ադամի ու Եվայի արտաքսումից, մեկնաբանում է Տեր Հրաչյա քահանա Գլոզալյանը:

Մեր առաջին աղոթքը շնորհակալությունը պիտի լինի

-Երբ մենք ունենք ամեն ինչ, չենք գնահատում մեր ունեցածը և հեռանում ենք Աստծուց: Երբ կորցնում ենք մեր ունեցածը, սկսում ենք մտածել այն ամենի մասին, ինչ ունեինք, այդպես նաև Ադամն ու Եվան։ Մեր նախածնողները ոչնչի կարիք չունեին, Աստծո հետ ուղիղ շփում ունեին: Ամենակարևորը մեր ունեցածը գնահատելն ու շնորհակալ լինելն է։ Մեր առաջին աղոթքը շնորհակալություն պիտի լինի Աստծուն։ Եթե չգնահատեցինք, կկորցնենք։ Աստված տալիս է, Աստված էլ վերցնում է։ Եթե տվել է, ուրեմն անհրաժեշտ էր, որ ունենայինք ու պետք է ճիշտ տնօրինենք:

Պետք է կարողանաս միտքդ կառավարել

-Մեղքը հասանելի է ամեն տեղ: Բոլոր ժամանակներում մարդկությունը, մեղքի ազդեցության տակ, Աստծուց հեռացել է: Երբ մարդիկ իրենց մեջ Տիրոջ ներկայությունը կորցնում են, գտնվում են սատանայի իշխանության ներքո։ Պետք է կարողանաս միտքդ կառավարել։ Եթե միտքն աղտոտվեց, մեղքերը շարքով գալու են։ Եթե միտքդ կառավարեցիր, գործողություններդ կլինեն աստվածահաճո: Բացասական մտքերի փոխարեն, պիտի լինի աստվածայինը: Երբ միտքը, հոգին խաղաղ են, գործողությունները ևս խաղաղ կլինեն։ Սատանան անկում էր ապրել հպարտության պատճառով և այնպես արեց, որ մեր նախածնողները նույն մեղքի պատճառով կորցրին իրենց դրախտային վիճակը, Տիրոջ ներկայությունը։ Ադամը և Եվան լսեցին սատանային, որը օձի միջոցով ասաց, որ ճաշակեն արգելված պտուղը և կլինեն Աստծու նման։ Ոչ թե պտուղն էր չար, այլ մեղքն արդեն մարդկանց մտքում էր:

Ապրի՛ր ներողամտության, սիրո, հանդուրժողականության միջավայրում

-Երբ Աստված հարցնում է, թե ուր ես Ադամ, կանչում է նրան դարձի: Ադամն արդարանում է, թե կինն իրեն մոլորեցրեց: Ադամը ոչ թե ընդունեց իր մեղքը, փորձեց դարձի գալ, այլ արդարացավ, մեղքը բարդեց ուրիշի վրա: Մենք մեր քայլերով՝ չզղջալով, մնացածին դատապարտելով, մեզ դուրս ենք հանում դրախտից՝ Աստծո ներկայությունից:

Եթե ուզում ես արժանանալ անժամանակին, ոչ թե ապրել ժամանակավորի մեջ, պիտի ապրես ներողամտության, սիրո, հանդուրժողականության միջավայրում։ Տիրոջ խոսքը պիտի քո կյանքում ունենա առաջնային տեղ:

Լույսը թող ճառագի մեզնից

-Պիտի զղջանք մեր կատարած մեղքերի համար ու վերափոխվենք։ Մեր մեղքերի մասին մտածենք, ոչ թե ուրիշների: Աղոթենք ուրիշների համար, ոչ թե դատենք: Լույս լինենք, և այդ լույսը թող ճառագի մեզնից։ Եթե պահք ենք պահում, ապաշխարությունը թող ուղղորդված լինի ողորմությամբ, աղոթքով, սիրով և ներողամտությամբ։ Անհնար ոչինչ չկա:

 

qahana.am

Leave a comment