Դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հինգշաբթի կայացած դատական նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։
Նա կալանքի տակ է մոտ ութ ամիս։
Դատավորը ևս որոշման մեջ նշել է, որ «կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն փոխվել, հետևաբար այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական վարքագիծը։ Հայտնում է Ազատությունը։
Սրբազանի պաշտպաններն այսօր էլ այս մեղադրանքը քաղաքական հետապնդում են համարել։
Բագրատ Գալստանյանի քրեական հետապնդման մասին
2025թ.-ի հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Հունիսի 25-ին առավոտից իրավապահները գործողություններ են իրականացրել ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։ Այնուհետև քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Այնուհետև ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հունիսի 26-ին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և իր մի քանի աջակիցներ կալանավորվել են երկու ամսով։
2025թ.-ի օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Գալստանյանի նախնական կալանքը։