Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ Արծվաշենի մասին եմ գրում, այնտեղից նկար կամ տեսանյութ հրապարակում: Հետապնդվող նպատակը մեկն է` չմոռանալ Արծվաշենը, փորձել Արծվաշենի խնդիրն օրակարգում պահել:
Այժմ պատմական օրեր են: 1988 թվականի փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում դե ֆակտո մեկնարկեց Ղարաբաղյան շարժումը, որը նույն թվականի փետրվարի 18-ին «հասավ» ՀԽՍՀ:
Հատուկ հետևում եմ լրահոսին: Ղարաբաղյան շարժման վերաբերյալ և ոչ մի հիշատակում չկա: Տպավորություն է` 1988 թվականի փետրվարն օրացույցում ի սկզբանե չկար: Փաստորեն, մոռացանք: Բա, եթե Ղարաբաղյան շարժման պատմական օրերն ենք մոռանում, ապա 2020 թվականի կապիտուլյացիայի մեղավորներն ովքե՞ր են, որ չմոռանանք: Իհարկե, կմոռանանք: Կգնանք ընտրության և կրկին կընտրենք: Դե, ամեն ինչ կմոռանանք, էլի:
Ինչո՞ւ Արծվաշենը հիշեցի, այնուհետև` Արցախը: Որովհետև, խորապես համոզված եմ, որ Արծվաշենի և Արցախի խնդիրը պետք է լուծենք մենք` մարդիկ, որոնք ֆիզիկապես (առերևույթ) տեսել են Արծվաշենն ու Արցախը: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ խնդրի լուծման համար: Միանշանակ` հիշել:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հիշելու համար: Միանշանակ` անընդհատ հիշեցնել: Այնպես, ինչպես շուրջ 100 տարի բոլոր հնարավոր միջոցներով աշխարհին հիշեցնում ենք (էինք) Հայոց ցեղասպանության մասին: Այդպես է ձևավորվում օրակարգը: Գոնե` վերջինիս հիմքը:
Ինչևէ: Դրսում փետրվարն է` Ղարաբաղյան շարժման դե ֆակտո ծննդյան ամիսը: Շատ քչերն են դա հիշում: Բոլորն ընտրություններով են զբաղվում, ցուցակներ կազմում: Փաստորեն, ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկա: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանք ընտրվում, կամ ինչո՞ւ են նրանց ընտրում»: