«Սպասիր ինձ երկնքում», «Սպանիր ներսիդ թիթեռներին», «Երկրի հակառակ կողմը». որ հայ հեղինակներն են ամենապահանջվածը

«Սպասիր ինձ երկնքում», «Սպանիր ներսիդ թիթեռներին», «Երկրի հակառակ կողմը». որ հայ հեղինակներն են ամենապահանջվածը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ հեղինակներից 2025 թվականին ամենից վաճառված են եղել՝ Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու քեզ հետ», Ռաֆայել Մարգարյանի՝ «Սպասիր ինձ երկնքում» գրքերը: Բուկինիստից այս մասի հայտնեցին Zarkerak.am-ին

Իսկ այս տարի արդեն հասցրել են պահանջարկ ունենալ Աննա Առաքելյանի՝ «Սպանիր ներսիդ թիթեռներին», Աշոտ Աղաբաբյանի՝ «Թակարդ», Նազելի Տերտերյանի՝ «Բոլորիս Ալենը», Արա Թադևոսյան՝ «Վանոն ու Վազգենը», Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը», Անի Մաղաքյանի  «Տակնուվրա», Գոհար Նավասարդյանի  «Ինձ պիոններ չնվիրես», Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ: Պատմավեպ» գրքերը: 

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է,  որն արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:


«Վանականներն ունեն գաղտնիք» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» բեսթսելերների  հեղինակ Ռուբեն Եսայանի խոսքով՝  Հայաստանում ընթերցանության հանդեպ վերաբերմունքը հրաշալի որակել չենք կարող, բայց վատ էլ չէ: Ըստ նրա, գիրք գրելը շատ բարդ, տանջալից աշխատանք է և միայն ընթերողի դրական արձագանք կարող է ստիպել հանձն առնել ևս մեկ գիրք գրել: 

Մեր զրուցակիցն անկեղծանում է՝ անգամ լինելով հայաստանյան իրականության մեջ բեսթսելերների հեղինակ չի կարող ասել, թե միայն գրող լինելը բավարար է լավ ապրելու համար. «Իհարկե, լավ կամ արժանապատիվ ապրելու չափանիշները կարող են տարբեր լինել,  կարծում եմ, եթե գիրքը դառնում է բեսթսելեր, գուցե սովորական կյանք կարող ես վարել,  բայց հրաշալի ապրել իհարկե չի ստացվի, դրա համար էլ նաև վիդեոբլոգեր եմ», – նշում է նա, բայց  և ընդգծում է, որ համաշխարհային կամ միջազգային  բեսթսելեր ունեցող հեղինակները վաճառքի այնպիսի ծավալներ ունեն, որ  ֆինանսների  առումով որևէ խնդիր չունեն, օրինակ իր սիրելի հեղինակներից մեկը՝ Ագաթա Քրիստին: 

Չհեռանալով տոնի խորհրդից՝ Ռուբեն Եսայանը նշում է, որ գիրք նվեր ստանալ միշտ է սիրել.«Ցանկացած գիրք կցանկանամ նվեր ստանալ՝  հատկապես թրիլեր, դետեկտիվ, միստիկա, սարսափ ժանրում, ի դեպ, շատ ուրախ եմ, որ այդ ժանրում տարբեր ստեղծագործություններ թարգմանվում են հայերեն: Իսկ ես կնվիրեի իմ սիրելի գրքերից Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», Էդգար Ալլան Պոյի  «Ամենատես աչքը»,  Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը»»: 

«Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ» գրքերի հեղինակ Դավիթ Սամվելյանը կարծում է, որ պարտադիր է  կարդալ ժամանակից գրականություն.«Թեկուզ կարդաս հիասթափվես, բայց պետք է իմանաս թե քո ժամանակակիցըն ոնց է տեսնում այն իրականությունը, որում ինքդ ապրում ես: Ինձ համար գրականությունն ազատություն է, բայց ամեն գրող պետք է սահման դնի իր առաջ,  թե իր գրականությամբ ինչ ես քարոզում»: 

Ինչ վերաբերում է ընթերցվող գրականությանը, նրա կարծիքով մարքեթինգն իր գործն անում է, միաժամանակ այդ նույն մարքեթինգային գործիքներն օգնում են ժամանակակից գրողներին՝  հասնել լսարանին.«Եթե համեմատենք տարիներ առաջվա հետ, բնականաբար, այսօր գովազդվելու առումով շատ գործիքներ կան: Նաև դրանով է պայմանավորված, որ մարդիկ ընտրում են և՛ այն գրքերը, որոնց մասին բոլորն են խոսում, և  որոնց հեղինակները հայտնի են՝ նաև սոցիալական հարթակների միջոցով: Կարծում եմ՝ դրա համար էլ այսօր սկսել են շատ կարդալ հայ ժամանակակից գրականություն:  Մինչդեռ կան ժամանակակից մեծահասակ գրողներ, որոնք այս գործիքներից հեռու են, նրանց տեղը, այսպես ասած, չգիտեն, բայց իրոք շատ լավ հեղինակներ են»: 

Դավիթ Սամվելյանը թեև ողջունում է գիրք կարդալու բոլոր տարբերակները, բայց նաև մտահոգություններ ունի.«Շատ ինդիվիդուալ հարց է, մեկը սիրում է գիրքը  բռնել կարդալ, մյուսը՝ լսել,  մեկ ուրիշը՝ էլեկտրոնային  եղանակն է նախընտրում: Հայաստանում եթե ասում են էլեկտրոնայի գիրք՝ մեծամասնությունը հասկանում է անվճար, և այդ անվճարը հիմնականում անլեգալն է, դրան զուգահեռ՝ շատ վատ որակի: Իմ կարծիքով՝  գիրքն էլեկտրոնային տարբերակով պետք է լինի ավելի մատչելի, քանի որ հրատարակչական, տպագրական ծախսերը դուրս են գալիս:  Կան որոշ հարթակներ, որտեղ  կարող են չնչին գումարով վճարովի ընթերցել, բայց, ցավոք  այդ մշակույթը մեզ մոտ չկա՝ իսկ դա դիմացինի աշխատանքը հարգելու մշակույթն է»:



 

Լինելով լավ վաճառքներ ապահոված գրքերի հեղինակ՝Սամվելյանից հետաքրքրվում ենք՝ հնարավո՞ր է միայն գրքերի վաճառքից ստացված եկամուտով ապրել Հայաստանում.«Քանի որ շատ հայ գրողներին եմ ճանաչում, վստահորեն կարող եմ ասել՝ գրողների 90 տոկոսը ստեղծագործելիս ի սկզբանե իր  դիմաց ինչ-որ բիզնես  պլան չի դնում՝ 5000 օրինակ վաճառելու կամ  ֆինանսական օգուտ ունենալու մասով: Իրապես ստեղծագործող մարդը չի կարող չգրել: Բայց կան ցուցանիշներ, ըստ որի  ցանկացածն էլ կարող է հաշվարկ անել՝ միայն գրելով հնարավոր է ապրել, թե ոչ: ՀՀ-ում լավագույն դեպքում տարվա մեջ որոշ  բացառություններով վաճառվում է հայ հեղինակի 1000 գիրք: Սահմանված գնի 40 տոկոսը հրատարակչությունը տալիս է գրախանութին,  մնացած գումարից էլ ընդամենը 10-15 տոկոս գումար է  հասնում հեղինակին»: 

Դե իսկ գիրք նվիրելու օրվա շրջանակում առաջարկում է գիրք ընտրելիս անտարբեր չանցնել իր ֆավորիտների կողքով.««Հայկական էպոս»՝ այն բախտավոր ազգերից ենք, որ ունենք ազգային էպոս:  Եթե հոգևոր գրականության մեջ դիտարկենք Գրիգոր Նարեկացու  «Մատյան ողբերգությունը»: Նաև խորհուրդ կտամ ընտրել  Սենեկայի «Նամակներ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին» գիրքը»: 

 

Մարիամ Մկրտչյան

Leave a comment