ԵՄ հանձնակատարը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան

Մարթա Կոսի այցին ընդառաջ տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-20-ին կայցելի Հայաստան։


Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։


ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ին նախատեսված այցին և սպասվող ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ՝ Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը։


Այցի նպատակն էր գնահատել ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը, որը հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա։


Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային կապակցվածության հարցերը՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում։ Առաջնահերթ ուշադրություն է հատկացվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա համադրելիությանը ԵՄ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ։


Բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարության հետ հաստատվել է ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը։


Այն ներառում է.


-202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2025-ի սեպտեմբերին։


-Տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր։


Ժողովրդավարության պաշտպանություն Եվրոպական կողմը վերահաստատել է իր հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։


Բացի այդ, հատուկ կարևորվել է առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության և թափանցիկության պաշտպանությունը։ Այս աշխատանքային քննարկումները հիմք են նախապատրաստում Երևանում կայանալիք պատմական առաջին գագաթնաժողովի համար, որը նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում։

Leave a comment