Արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար անվտանգային մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն, ինչ այսօր անում է Արևմուտքը Ուկրաինայի միջոցով, թե ինչպես է Արևմուտքը փորձում մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար Հարավային Կովկասի ուղղությամբ և նույնիսկ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, այս ամենը խոսում է այն մասին, որ հարաբերություններն այդ երկրների հետ, և առաջին հերթին՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր են», – ասել է նա «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը զարգացնում է տնտեսական կապերի ամբողջական շրջանակ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ «Բավական է, օրինակ, դիտարկել այնպիսի կարևորագույն նախագիծ, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը մենք մշակում ենք մեր գործընկերների հետ համատեղ», – հավելել է նա։