Գիրքը երբեք պարզապես առարկա չէ։ Այն հիշողություն է, փորձառություն, երբեմն՝ հայացք դեպի սեփական ներսը։ Եվ երբ գիրք ենք ընտրում կարդալու կամ նվիրելու համար՝ իրականում ընտրում ենք նաև արժեքային դիրքորոշում։
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օր։ Սակայն, տոնը միայն գրքերի փոխանակման մասին չէ․ այն վերաբերում է ընթերցանության մշակույթին, գրական ճաշակին, թարգմանության որակին և այն հարցին, թե ի՞նչ տեղ ունի գիրքը 21-րդ դարի մարդու կյանքում։
Այս առիթով զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարան Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, Երևանի «Գլաձոր» համալսարանի Լեզուների ամբիոնի վարիչ, լեզվաբան, գրող և գրականագետ Ամալյա Սողոմոնյանի հետ։
– Տիկին Սողոմոնյան, ինչպիսի՞ն է Ձեր անձնական կապը գրքերի հետ: Ինչպե՞ս եք ընտրում` ի՞նչ կարդալ:
– Մասնագիտության բերումով ամեն օր հարաբերվում եմ գրքերի հետ: Ամեն օր լսարան եմ մտնում և շատ հաճախ պետք է վերընթերցեմ այն բոլոր գրքերը, որոնք ուսանողներիս եմ հանձնարարում: Մասնագիտական գրքեր ու նաև գեղարվեստական գրքեր եմ կարդում, որոնք դեռ թարգմանված չեն կամ արդեն թարգմանված են հայերեն:
Քանի որ հիմա շատ բարդ ժամանակներում ենք ապրում, երբ գրեթե բոլորը՝ անկախ մասնագիտությունից, մեզ խորհուրդ են տալիս՝ ի՞նչ կարդալ, ե՞րբ կարդալ, ինչպե՞ս կարդալ, որը և շատ լավ է, որովհետև այս քարոզը ևս մեկ անգամ շեշտադրում է ընթերցանության կարևորությունը, սակայն, նաև վտանգավոր է, որովհետև, եթե մեզ խորհուրդ չեն տալիս այնպիսի մարդիկ, ովքեր իրապես հասկանում են գրականությունից, այլ ոչ պատահական մարդիկ: Իհարկե, խորհուրդներ կարելի է ընդունել և հետևել խորհուրդներին. եթե նրանք թարգմանիչներ, արվեստագետներ, գրականագետներ են, բայց վտանգը նրանում է, որ հիմա բոլորն են խորհուրդ տալիս, և մեր պատանիներն ու աղջիկները, ուսանողներն այս հարցում մի փոքր զգույշ պետք է լինեն, որպեսզի ոչ բոլորի խորհուրդներին հետևեն և ամեն ինչ չկարդան:
– Ո՞ր գիրքը/գրքերն եք հաճախ ընթերցում և ինչո՞ւ են դրանք Ձեզ համար կարևոր:
– Շատ եմ սիրում անտիկ գրականություն, հաճախ վերընթերցում եմ Նիկոլայ Կունի լեգենդներն ու առասպելները, կարդում եմ ռուս գրականություն, Չեխովի պատմվածքները, Դոստոևսկի եմ անընդհատ վերընթերցում, որովհետև ամեն անգամ նոր բան կարելի է գտնել, և քանի որ շատ-շատ սիրում եմ Ջոյս, Կաֆկա, Կամյու, Սարտր՝ նրանց եմ երևի ամենաշատն ընթերցում: Իսկ ինչո՞ւ, որովհետև յուրաքնաչյուր պահի այդ գրողներին ու նրանց ստեղծագործություններն այլ կերպ եմ ընկալում, և ինձ համար առաջնային և կարևոր է վերընթերցելու պրոցեսը։ Ամեն օր լսարան եմ մտնում, և տարբեր սերունդներ են գալիս, ու դու չես կարող անընդհատ նույն բանը կրկնել: Իհարկե, ստեղծագործությունները նույնն են, գրողները նույնն են, պարտադիր ընթերցանության ցանկը նույնն է հաճախ, բայց ինքդ պետք է այդ ստեղծագործությունները նորովի հասկանաս, իսկ նորովի ներկայացնելու համար պետք է միշտ վերընթերցել, և ամեն անգամ նոր բան գտնել, որպեսզի կարողանաս ճիշտ փոխանցել դա ուսանողներին:
– Ներկայումս Հայաստանում գիրք նվիրելու ավանդույթը որքանո՞վ է պահպանվել:
– Կարծում եմ՝ սա այն քիչ ավանդույթներից է, որ Հայաստանում շատ լավ է պահպանվում, և յուրաքանչյուր տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում են որպես գիրք նվիրելու օր, և գրախանութների, բուհերի միջոցառումները շատ մեծ ազդակ են, որպեսզի ուսանողները, երիտասարդները և ընդհանրապես մարդիկ ևս մեկ անգամ հիշեն կարդալու կարևորությունը ու իրար գիրք նվիրելով՝ հիշեցնեն միմյանց՝ կա լավ գրականություն, գիրք ընթերցելը միշտ է նորաձև:
– Ինչպե՞ս կբնութագրեք երիտասարդների հետաքրքրությունն ընթերցանության հանդեպ:
⁃ Կարծում եմ՝ երիտասարդների հետաքրքրությունն ընթերցանության և ընդհանրապես գրքի նկատմամբ ոչ թե ժամանակի ընթացքում պակասում կամ աճում է, այլ времена всегда одинаковые, և կան կարդացողներ, լավ կարդացողներ և կան չկարդացողներ: Երբ մի անգամ Ջոյսին հարցնում են` ինչո՞ւ է Ուլիսեսն այդքան ռեբուսներով, այդքան բարդ, որովհետև ոչ բոլորն են կարողանում կարդալ։ Ջոյսը շատ հանճարեղ պատասխան է տալիս՝ իսկ ի՞նչ պարտադիր է, որ բոլորը կարդան: Կարծում եմ՝ կրթված հասարակություն ունենալու համար պարտադիր չէ, որ բոլորը կարդան: Միշտ լինելու են մարդիկ, ովքեր մշտապես կարդում են, և մարդիկ, ովքեր չեն կարդում: Այստեղ էլ շատ փոքր, բայց կարևոր նրբություն կա՝ դաստիարակված, կրթված և լավ քաղաքացի կամ լավ մարդ լինելու համար պարտադիր չէ կարդալ կամ շատ կարդալ, և կարծում եմ՝ ընթերցանության հանդեպ պրոպագանդան միշտ պետք է լինի և’ պետական, և’ համալսարանական, և’ անձնական մակարդակով, սակայն ժամանակները միշտ նույնն են և լինելու են կարդացողներ ու չկարդացողներ:
– Հայաստանում արտասահմանյան գրականությունը լայն տարածում ունի, սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ է այն ճիշտ ներկայացվում։ Թարգմանությունների միջոցով արդյո՞ք ընթերցողն իրականում հասնում է հեղինակի սկզբնական մտքին, թե՞ գաղափարն աղավաղվում է:
– Կարծում եմ՝ գրատպությունը շատ լավ վիճակում է, որովհետև ունենք մի քանի հրատարակչություններ, ունենք շատ գրախանութներ, տպագրված և թարգմանված բազում գրքեր։ Կարծում եմ նաև՝ խնդիրն այն է, որ տարիներ ի վեր մենք թարգմանել ենք միջնորդավորված լեզվից, հատկապես ռուսերենից։ Հիմա ժամանակները փոխվել են, լեզուներն արդեն հասանելի են, և բոլորը գիտեն անգլերեն, բոլորը գիտեն ռուսերեն, շատերը տիրապտում են այլ օտար լեզուների, նույնիսկ՝ չինարենի, կորեերենի, ճապոներենի: Գեղարվեստական թարգմանության դեպքում թարգմանիչը լուրջ խնդիր ունի, որից երկուսը կառանձնացնեմ․ լավ տիրապետել այն լեզվին, որով թագմանում է, իսկ մեզ մոտ հաճախ հակառակն է լինում, հնարավոր է՝ լավ տիրապետում են անգլերենին, բայց ոչ այդքան լավ հայերեն գիտեն, դրա համար միտքը որոշ տեղերում՝ այնքան էլ ճիշտ չի պահպանվում: Խնդիր ունենք, որ թարգմանիչներին հաճախ թվում է՝ իրենք այլ գործ են ստեղծում։ Իհարկե, սա շատ բնական է, որովհետև, երբ դու թարգմանում ես, քեզ թվում է՝ դու ես գրել և քեզ շատ մոտ ես համարում ստեղծագործությանը, սակայն թարգմանիչը, հատկապես գեղարվեստական գրականության թարգմանիչը միշտ պետք է հիշի՝ ինքը միջնորդի, փոխանցողի դեր է ստանձնում և պետք է ամենայն ճշգրտությամբ փոխանցի այն, ինչ կա բնագրում:
– Ինչո՞վ է առանձնանում համաշխարհային գրականության դասավանդումը մեր համալսարաններում:
– Բնականաբար, մեր երկրում շատերը հասկանում են գրականության կարևորության, անհրաժեշտության մասին, և համաշխարհային գրականությունը, արտասահմանյան գրականությունը տարբեր անվանումներով դասավանդվում է բուհերում՝ իհարկե տարբեր քանակի դասաժամերով։ Կան բուհեր, որտեղ շատ քիչ է ուշադրություն դարձվում, որոշ համալսարաններում՝ շաբաթական մեկ անգամ են անցնում այդ առարկան, բայց ԵՊՀ-ում, հատկապես եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, լրագրության ֆակուլտետում, հայ բանասիրության ֆակուտետում, արևելագիտութան ֆակուլտետում անցնում են այս առարկան: Ցավալի փաստը դասաժամերի սակավությունն է: Դասաժամերն այնքան շատ պետք է լինեն, որ դասախոսը հնարավորություն ունենա սկսել անտիկ գրականությունից և հասնել մինչև պոստմոդեռնիզմ: Ցանկալի կլիներ, որ ոչ միայն մասնագիտական, այլ նաև ոչ մասնագիտական ֆակուլտետներում անցնեին այդ առարկան, քանի որ այն ոչ միայն լավ մասնագետ դառնալու համար է կարևոր, այլ յուրաչանչյուր մարդ պետք է անցնի այդ առարկան, որպեսզի կարողանա ավելի լայն մտածել, ավելի լայն հորիզոններ բացահայտել: Գրականությունը հնարավորություն է տալիս՝ անկախ քո մասնագիտւթյունից, հասկանալ երևույթները, հասկանալ աշխարհը և ավելի լավ մասնագետ դառնալ հենց քո ոլորտում:
– Թվային դարում ինչպե՞ս եք փորձում հետաքրքրությունը պահպանել գրքի նկատմամբ:
– Սիրում եմ կրկնել, որ դրսում 21-րդ դարն է, և յուաքանչյուրս պետք է դիրքավորվենք ու գործենք հենց մեր դարաշրջանի յուրահատկություններին համապատասխան: Թվային դարը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի, յուրաքնչյուր վայրում կարդալու այն գիրքը, որը մեզ անհրաժեշտ է, որովհետև աշխարհի բոլոր գրադարանները բաց են մեր առջև: Թվային հնարավորությունները մեզ թույլ են տալիս կարդալ նույնիսկ դեռ չտպագրված գիրքը կամ քո մայրենի լեզվով չթարգմանված գիրքը։ Իսկ հետաքրքրությունը գրքերի հանդեպ պահպանելը շատ բարդ գործ է, բայց ինձ մոտ հաջողվում է, որովհետև ուսանողներին դրդում եմ, պահանջում եմ, որպեսզի նրանք կարդան, անպայման զգան գրքի բույրը, էջերը, որպեսզի զգան ընթերցանության պրոցեսը, լիարժեք վայելեն և հետո կարողանան նաև մեկնաբանել ստեղծագործությունը: Կարծում եմ՝ ստացվում է, որովհետև թվային դարը պետք է օգնի, ոչ թե խանգարի, իսկ այն մարդկանց, քաղաքացիների, ընթերցողների համար, ովքեր իրականում հասկանում են ընթերցանության կարևորությունը՝ թվային դարն օգնում է, ոչ թե խանգարում:
– Կա՞ն հեղինակներ, որոնց աշխատանքները կուզեք, որ հայ ուսանողներն անպայման ընթերցի:
– Ամենացավալի հարցերից մեկն է, որովհետև ունենք պարտադիր գրականության ցանկ, որը հաստատվում է ֆակուլտետի, ամբիոնի կողմից, և քանի որ դասաժամերն այդքան շատ չեն, շատ-շատ լավ հեղինակներ, ցավոք, դուրս են մնում պարտադիր գրականության ցանկից: Դասապրոցեսի ընթացքում փորձում եմ գոնե շատ կարճ, արագ, թեկուզ մակերեսային խոսել տարբեր հեղինակների մասին, սակայն, այս սահմանափակումն իրականում բարդ խնդիր է, որովհետև, եթե դու ունես պարտադիր գրականության ցանկ, ուսանողները պետք է քննություն հանձնեն դրանից։ Օրինակ, դու չես կարող թողնել քո հեղինակներին և խոսել այլ հեղինակների մասին։ Շատ-շատ են իրականում, հատկապես ժամանակակից հեղինակներ, ովքեր աշխարհում բեսթսելլեր են դարձել, բայց դեռ պարտադիր գրականության ցանկում չեն հայտնվել, և լավ կլինի, որ դասաժամերն ավելանան ու յուրաքնաչյուր բուհ վերանայի իր պարտադիր գրականության ցանկը։
– Ինչպե՞ս կարող ենք զարգացնել գրականության հանդեպ սերը մեր երկրում:
– «Արա այն, ինչ պետք է անես և թող լինի այն, ինչ պետք է լինի»,-ես այս ասույթը շատ եմ սիրում և իմ գլխավոր ու կարևոր գործառույթն եմ համարում մտնել լսարան ու հետաքրքրություն առաջացնել ուսանողի մոտ, որպեսզի նա կարդա տվյալ հեղինակին կամ տվյալ ստեղծագործությունը, և իմ առաքելությունը ստացված եմ համարում, երբ քննության ժամանակ լսում եմ ուսանողներիս ու տեսնում՝ իրոք կարդացել են, իրոք հասկացել են, վայելել են ստեղծագործությունը կամ այդ հեղինակն ինչ-որ բան է իրենց տվել։ Իսկ գրականության հանդեպ սերը, կարծում եմ, սկսվում է ընտանիքից, սկսվում է փոքրուց։ Փոքր ժամանակ, երբ երեխան տեսնում է՝ իր ծնողները կարդում են, իր ընտանիքի անդամները կարդում են՝ ինքն ավտոմատ իր ձեռքն է վերցնում գիրքը. դա դառնում է ռեֆլեքս և հետո արդեն նրան պարտադրելու, ստիպելու կարիք չի առաջանում, որովհետև այդ սերն արդեն առաջացել է…
– Ինչո՞վ են կարևոր Թումանյանի գործերը ժամանակակից ընթերցողի համար:
– Երբ հետադարձ հայացք եմ նետում և փորձում հասկանալ՝ ինչո՞ւ հենց Թումանյանի ծննդյան օրն է նշվում գիրք նվիրելու օրը (որովհետև կարող էր դա լինել Տերյանի կամ Չարենցի ծննդյան օրը), հասկանում եմ` դու սկսում ես ծանոթանալ գրքի ընթերցանութան պրոցեսի հետ փոքր հասակում, երբ առաջին անգամ քեզ Թումանյանի ստեղծագործություններն են տալիս, Թումանյանի հեքիաթներն են կարդում քեզ համար, և ոչ թե նույնիսկ դու ես կարդում , այլ քեզ համար են կարդում ծնողներդ: Եվ այո’, Թումանյանի հեքիաթները հենց այն առաջին գրքերն են, որոնց երեխան առերեսվում, հարաբերվում է։ Ես մինչև հիմա հիշում եմ Թումանյանի հաստափոր հեքիաթների ժողովածուն՝ սև գույնի, վրան անխելք մարդն էր` մտածողի հայացքով, այսինքն գուցե գրականության նկատմամբ սերը հենց փոքր ժամանակ է առաջացել, երբ ընդամենը 4-5 տարեկան էիր, և քեզ Թումանյանի հեքիաթների ժողովածուն են նվիրել. գուցե դա էլ պատահականություն չէ և հաստատ մեծ նշանակություն ունի մարդու համար: Դրա համար, երբ ձեր երեխաները նույնիսկ մեկ տարեկան են կամ երկու, երբ դուք նրանց համար հեքիաթներ եք կարդում՝ Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ լինելուց բացի, նաև վերածվում է ընթերցանության խորհրդանիշի, որից սկսվում է ընթերցողի մեծ ճանապարհորդությունը:
– Ո՞ր եվրոպացի հեղինակների հետ կարելի է Թումանյանի ստեղծագործությունները գաղափարապես համեմատել:
– Գրականագիտության մեջ համեմատական գրականությունը մեծ տեղ է գրավում, երբ ուսանողները կամ մարդիկ ուսումնասիրում են տարբեր ազգերի մշակութային, լեզվական առանձանհատկությունները և համեմատում գրված ստեղծագործությունները: Կարծում եմ՝ Թումանյանի ստեղծագործություններն այն բազային, հիմնաքարային ստեղծագործություններն են, որոնք ցույց են տալիս մեր ազգային մտածելակերպը, ֆոլկլորը, ամբողջապես ընդգրկում են բոլոր ոլորտները և թեմաները: Թումանյանի ստեղծագործություններն այնքան բազմաբնույթ են, այնքան տարաբնույթ են՝ հեքիաթներ, բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ, պատմվածքներ․․․ Այս պահին մտքիս որևէ հեղինակ չի գալիս, ում հետ կարելի է համեմատել, բայց Թումանյանը և’ մեր հեքիաթագիրն է, և’ մեր առակագիրն է, և’ մեր պոետն է։ Կարծում եմ՝ մի կարևոր բան էլ կա, որ երեխաները պիտի ըմբռնեն Թումանյանի ստեղծագործությունները կարդալիս (դա ծնողների, ուսուցիչների պարտավորությունը պետք է լինի). հաճախ, երբ կարդում ենք «Անուշ»-ը, «Գիքոր»-ը կամ հեքիաթներից որոշ հատվածներ, որոնք երեխայի համար կարող են և’ վախենալու լինել, և’ անհասկանալի լինել, պետք է հասկանալ, թե որ հեքիաթը որ տարիքում երեխայի համար կարդալ կամ թույլ տալ ընթերցել, որովհետև հաճախ Թումանյանին միայն ասոցացնում ենք մանկագրության կամ հեքիաթագրության հետ: Իրականում, սակայն, թեմաները շատ ավելի խորն են։ Կան թեմաներ, որոնցից երեխաներին պետք է հեռու պահել․ «Գիքոր»-ի օրինակով ասեմ՝ երբ փոքր տարիքում «Գիքոր»-ն էի կարդում, շատ լուրջ հուզական ապրումներ էի ունենում, լաց էի լինում անընդհատ և չէի հասկանում` ինչո՞ւ Թումանյանը սպանեց այդ տղային, այսինքն պետք է լինեն մարդիկ, ովքեր ընթերցանությանը զուգահեռ քեզ կբացատրեն որոշ երևույթներ․․․
– Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը մեր երկրի մշակութային կյանքում՝ հաջորդ տասնամյակներում:
– Կարևոր է նշել՝ մշակութային կյանքում և ընդհանրապես հասարակության զարգացվածության համար անհրաժեշտ է, որ մշակույթի բոլոր ճյուղերը հավասարապես զարգանան։ Կարծում եմ՝ և’ նկարչության, և’ գրականության, և’ քանդակագործության, և’ երաժշտության դերը շատ-շատ կարևոր պետք է լինի, և առանձանցնելով գրականությունը, կարծում եմ, որ ոչ միայն հաջորդ տասնամյակներում, այլ միշտ պետք է ազգին, հասարակությանը, հանրությանը զարգացնող, կրթող դեր ստանձնի։ Առանց գրականության, առանց լեզվի, առանց կրոնի, առանց մշակույթի ազգը չի կարող երկար գոյություն ունենալ, իսկ հարատևելու համար մեզ պետք է լավ իմանալ մեր լեզուն, պահել մշակույթը, ամուր կառչել մեր արմատներին և, իհարկե, կարդալ ու ստեղծել լավ, ուժեղ գրականություն, որը մրցունակ կլինի ամբողջ աշխարհում: Մեր մասին կլսեն աշխարհում, մենք վերջապես կթարգամանվենք ամբողջ ծավալով։ Ընդ որում՝ ոչ միայն հատվածաբար կամ միայն ժամանակակից գրականություն, այլ կթարգմանվեն Նարեկացին, Քուչակը, Չարենցը, Տերյանը, Սևակը, Թումանյանը, և, իհարկե, ժամանակակից ստեղծագործություններ: Աշխարհը ոչ միայն Դեն Բրաունի կամ չինացի կամ ճապոնացի որևէ գրողի մասին կիմանա, այլ կիմանա նաև մեր մասին, որովհետև մեր գրողներն իրոք ստեղծել են լավ գրականություն, որի մասին արժե, որ աշխարհի բոլոր ծայրերում իմանան:
– Եթե մեկ գիրք ընտրելու հնարավորություն ունենայիք, ապա ո՞րը կլիներ դա և ինչու՞:
– Իրականում ընթերցանության պրոցեսը շատ անհատական ընթացք է և կապված է տրամադրությունից, կախված է՝ կյանքի ո՞ր փուլում ես գտնվում, ի՞նչ հոգեվիճակում ես, ի՞նչ է կատարվում աշխարհում, քո երկրում, քո կյանքում, քո հոգում այդ պահին։ Եվ այդ սահմանափակումը շատ խիստ ու լուրջ սահմանափակում է ինձ համար: Եթե ինչ-որ մեկն ինձ ստիպի մեկ գիրք ընտրել՝ ոչ մի գիրք չեմ ընտրի, բայց ամեն անգամ, երբ այդ հարցն ինձ տալիս են՝ ուղղակի ինչ-որ մի բան գալիս է մտքիս։ Այս պահին Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ»-ը եկավ, հետո հիշում եմ՝ եթե մի գրքի հնարավորութուն լինի՝ կվերցնեմ Ջոյսի «Ուլիսես»-ը, որովհետև ինչքան կարդաս, այնքան կարդալու անհրաժեշտություն կա: Իրականում շատ-շատ տարբեր կարող է լինել՝ կախված այդ պահին հարցին պատասխանելու հոգեվիճակից: Երևի՝ ամեն դեպքում, Սագանի «Բարև թախիծ»-ը:
Մեր զրույցը հստակ ցույց տվեց՝ գիրքը չի կորցնում իր արժեքը ժամանակի հետ։ Այն կարող է փոխել ձևը՝ թղթայինից՝ թվային, կարող է փոխվել ընթերցման միջավայրը, բայց ընթերցանության խորքային ազդեցությունը մնում է նույնը։
Գիրք նվիրելու օրը պարզապես խորհրդանշական պահ չէ․ դա հիշեցում է, որ գրականությունը ձևավորում է մտածողություն, ճաշակ և ինքնություն։ Իսկ եթե ամեն ինչ սկսվում է մանկության առաջին հեքիաթից, ապա պատասխանատվությունն էլ սկսվում է հենց ընտանիքում, դպրոցում, համալսարանում։
Գիրք նվիրելը, վերջիվերջո, պարզապես ժեստ չէ։ Դա արժեք փոխանցելու փորձ է։ Եվ որքան գիտակցված լինի այդ փոխանցումը, այնքան ամուր կլինի մեր մշակութային հենքը։
Իզա Ասծատրյան