Կառավարությունը սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը:
Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել նպաստի չափը՝ ամսական 50000 դրամ, հաստատել նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Կապահովվի ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թ. մայիսի 1-ը:
Կներդրվի նպաստի նշանակման և վճարման առավելապես ինքնաշխատ, առցանց մեխանիզմ՝ հիմնված պետական տեղեկատվական շտեմարանների փոխգործակցության վրա: Նախատեսվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգով սահմանել շահառու երեխայի կարգաթիվը որոշելու մանրամասն չափանիշները՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքը, շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները), կամ շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), որոշ պայմանների առկայության դեպքում: Որոշմամբ նախատեսվում է նաև, որ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները չեն հաշվարկվում:
Ընդ որում, այս տվյալները ստացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարաններից: Ինքնաշխատ գործընթացների ներդրումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը, մարդկային գործոնի ազդեցության սահմանափակմանը և գործընթացների թափանցիկության բարձրացմանը։