Այսօր իրավապահները փորձագետների մասնակցությամբ զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս գործողությունը կապված չէ անձամբ Ծառուկյանի հետ, քանի որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը այդ գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով, և դրանից հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Քրեական գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել մի քանի հողատարածքներ, որոնց մի մասը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։ Փաստաբանը ընդգծել է, որ այս զննությունը տեխնիկապես բարդ գործընթաց չէ և իրականացվել է առանց խոչընդոտների։ Նա նաև նշել է, որ գործողությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մոտ մեկ ժամվա ընթացքում։ Այս զննությունը, իբրև թե, նպատակ ունի պարզել հողատարածքների իրավական կարգավիճակը և չի վերաբերում Գագիկ Ծառուկյանի անձնական մեղադրանքներին կամ մասնակցությանը։ Այս քրեական գործը արդեն շուրջ վեց տարի քննվում է և առնչվում է բացառապես Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։
Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցության մասնակցությունը այս տարի սպասվող ընտրական գործընթացներին արդեն փաստ է եւ նրա տանը կատարված զննությունն առաջին հերթին կարող է կապվել Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ, որպեսզի նրա մասնակցությունը լինի վերահսկելի կամ համաձայնեցված։