Ջայլամների ընտրապայքարը – 19 Փետրվարի 2026

Հայաստանի շուրջ տեղի ունեցող լրջագույն պայթյունավտանգ իրադարձությունների և իշխանությունների մանկամիտ անլրջության հակադրությունն իսկապես աչք է ծակում, բայց մեծ հաշվով՝ դա մեզ համար նորություն չէ։ 1998-ից սկսած՝ Հայաստանի իշխանությունները նույն ջայլամային քաղաքականությունն են վարում․ գլուխներն ավազի մեջ խոթելով՝ համարում են, որ եթե իրենք վտանգը չեն տեսնում, ուրեմն ոչ մի վտանգ էլ չկա։ Այլ հարց է, որ նիկոլական «ջայլամի քամակը» զարդարված է գունագեղ ու «ժողովրդավարության բաստիոնի» գույներով ներկված փետուրներով, իսկ նախորդների ժամանակ այդ նույն փետուրները կամուֆլյաժի գույներով էին ու մարտականորեն ցցված։ Բայց նույն անպաշտպան քամակն է ու ավազի մեջ թաղված նույն գլուխը։

Վտանգի մասշտաբները նույնպես փոխվել են։ Անկախությունից ի վեր Հայաստանի հիմնական խնդիրն Արցախի հարցն էր, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց այնպես «լուծել» այդ հարցը, որ այն, որքան էլ ողբերգական հնչի, գործնականում փակված է վերջնականապես, կամ եթե փակված էլ չէ՝ փակված չէ ճիշտ այնքանով, որքանով փակված չէ, ասենք, Նախիջևանի հարցը։ Փոխարենը՝ հիմա կա Սյունիքի հարցը, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի գոյության հարցը, որովհետև Ադրբեջանը ոչ միայն Սյունիքը, այլև համարյա ողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»։ 

Իսկ «ջայլամությունն» այն է, որ եթե 1998-ից հետո Ռոբերտ Քոչարյանն ասում էր «մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք», հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է «մենք Հայաստանի ինքնիշխանության և խաղաղության հարցը վերջնականապես լուծել ենք, այլևս պատերազմ չի լինելու», այսինքն՝ ասում է «մենք Հայաստանի հարցը լուծել ենք»։ Քոչարյանի դեպքում՝ ժամանակը ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէր, հետևաբար՝ օր առաջ պետք էր լուծել այն, բայց մենք դա չարեցինք և արդյունքում տանուլ տվեցինք։ Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ արդյունքը կարող է նույնը լինել, որովհետև ինչքան էլ օրվա իշխանություններն անհոգ տրտինգ տան ու օրումեջ շնորհակալություն հայտնեն Թուրքիային և Ադրբեջանին, միևնույն  է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը նույնպես լուծված չէ։ Ավելին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը նույնպես միջազգային օրակարգում է, ինչպես ժամանակին Արցախի հարցն էր, հակառակ դեպքում տարբեր պետություններ կամ միջազգային կազմակերպություններ օրումեջ չէին շեշտի, որ իրենք կարևորում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ընդհանրապես գոյությունը։ Որովհետև ի՞նչ կարիք կա անընդհատ խոսել որևէ հարցի մասին, եթե դրա պատասխանն ինքնին ենթադրելի է և բացարձակապես վիճարկելի չէ։

Ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Որովհետև առջևում ընտրություններ են, և մեծ հավանականությամբ՝ ընտրությունների հիմնական մասնակիցները լինելու են տարբեր փետրավորմամբ ջայլամները։ Ու շատ կարևոր է, որ գոնե այս անգամ ժողովուրդը չխաբվի գլուխն ավազի մեջ խրած ջայլամների փետուրների գունավորմամբ։ Ժողովուրդ ջան, ով ձեզ կասի «վերջ, հարատև խաղաղությունը հաստատված է, և Հայաստանի ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում»՝ միանգամից ռադ արեք ձեր առաջնահերթությունների ցանկից։ Ով ձեզ կասի «Նիկոլին հեռացնենք, և Հայաստանի բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն»՝ նրանց նույնպես ռադ արեք։ Այս անգամ փորձեք գոնե լսել նրանց, ովքեր համոզված են, որ ջայլամի գլխի հիմնական ֆունկցիան ոչ թե ավազի մեջ թաքնվելն է, այլ «քամակի» անվտանգության մասին մտածելը։

Մարկ Նշանյան

Leave a comment