Ինչ գիրք է այժմ կարդում Դավիթ Խուդաթյանը և ինչ է խորհուրդ տալիս կարդալ

Ինչ գիրք է այժմ կարդում Դավիթ Խուդաթյանը և ինչ է խորհուրդ տալիս կարդալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ը գրքի տոնին ընդառաջ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվել է, թե ինչ գիրք է նախարարն այժմ կարդում, ինչ խորհուրդ կտա կարդալ և կա արդյոք գիրք, որը կցանկանար երկրորդ անգամ կարդալ:

-Այս պահին ի՞նչ գիրք եք կարդում:

– Զուգահեռ մի քանի գիրք եմ կարդում։ Այս պահին կարդում եմ քաղաքական առաջնորդներից մեկի կենսագրական գիրքը, որտեղ ներկայացված են միայն նրա քաղաքական գործունեության առանցքային փուլերը, այլև բարդ որոշումների կայացման ընթացքը, պատասխանատվության գիտակցումն ու առաջնորդության բարդությունը։ Առհասարակ շատ եմ սիրում կենսագրական գրականություն։ Այն ինձ համար և կարծիք է, որով հնարավորություն է տալիս սովորել ուրիշների փորձից, ավելի խորությամբ հասկանալ պետության կառավարման տրամաբանությունը: Կենսագրականներից բացի այս պահին սեղանիս Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն է, որը հաճախ եմ կարդում։

 -Սիրելի 5 գրքեր, որոնք խորհուրդ կտայիք կարդալ:

-Նելսոն Մանդելայի «Երկար ճանապարհ դեպի ազատություն», Ջորջ Օրուելի «1984», Ֆրանց Կաֆկայի պատմվածքները, Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը», բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդների հեղինակած գրքերը:

-Ի՞նչ գիրք եք նվիրելու այս տարի գրքի տոնին և ի՞նչ գիրք նվեր ստանալու:

-Ես սովորաբար սիրում եմ գրքերն ինքս ինձ համար գնել։ Երեխաներիս հեքիաթների գրքեր եմ նվիրելու։ Ի դեպ, երեխաները շատ են սիրում կարդալ։ 

-Ամենատպավորված 1 գիրք, որը ցանկանում եք երկրորդ անգամ կարդալ:

-Պատանի տարիներին շատ էր տպավորվել Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը», բայց մեծ տարիքում շատ գրքեր կան, երկրորդ, երրորդ անգամ եմ կարդացել։ Չեմ կարող այդ շարքից առանձնացնել։ Օրինակ՝ մի քանի անգամ Վանո Սիրադեղյան եմ կարդացել։ Շատ են տպավորել նաև Խալեդ Հոսեյնիի գործերը։ Գրեթե մեկ շնչով կարդացել եմ Զիդանի կարիերայի պատմությունը նվիրված «Զիդան․ երկու կյանք» գիրքը։ Ֆուտբոլն իմ տարերքն է (ծիծաղում է): Մեծ հաճույքով ժամանակակից գրականություն եմ կարդում, եթե, իհարկե, մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում։

 

Աննա Բզնունի

Leave a comment