Դատարանը Եկեղեցուց հայցադիմումներ է ընդունել վարույթ․ ինչ է սպասվում կարգալույծ հայտարարված Արամայիս Թախմազյանին

Երեկ դատավոր Զարուհի Մկրտչյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հայցադիմումներ է ընդունել վարույթ։

 

Եկեղեցին երկու հայց էր ներկայացրել ընդդեմ կարգալույծ հայտարարված Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե)։ Հայցադիմումներից մեկով Մայր Աթոռը պահանջում է Արամայիս Թախմազյանից հետ վերադարձնել կառույցին սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)․ արգելել Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Եկեղեցին պահանջում է նաև Թախմազյանից հօգուտ իրեն բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Մյուս հայցադիմումով պահանջվում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին հետ վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Հոգևոր կառույցը նաև պահանջում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Դեկտեմբերի 2-ին Կաթողիկոսի տնօրինությամբ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ էր հռչակվել։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Leave a comment