Երեկ տեղի ունեցած միջադեպը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի արդյունք է, ասել է ՄԻՊ-ը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երեկվա միջադեպին և հայտնել, որ նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։
«Տարբեր երևույթներ, այդ թվում՝ երեկ տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի արդյունք է»,- նշել է Մանասյանը։
Պաշտպանի խոսքով՝ այս առումով թե՛ կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, և թե՛ իրավապահ մարմինները պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։
Ըստ Մանասյանի՝ նման իրավիճակը նշանակում է, որ բոլորի կատարած աշխատանքը բավարար չէ։
«Այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում` հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացմանը»,- ընդգծել է ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ միանշանակ է, որ պետք է պայքար մղել տվյալ երևույթի դեմ, ընդ որում՝ ոչ միայն իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում, այլև յուրաքանչյուրի:
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ երեկ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ էին հնչել։
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը։
ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ նախաձեռնել է քրվարույթ։