2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր

Համաձայնագիրը կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին, ասել է ԿԳՄՍ նախարարը


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև նախօրեին ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։


Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Նշվում է, որ այդ շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։


Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։


Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։


Անդրեասյանը նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։


Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։


«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարը։


Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ուղենշային դառնալ նաև դասագրքերի ստեղծման ոլորտում հետագա համատեղ ծրագրերի համար՝ նպաստելով բովանդակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։


Դըկոտինյին ընդգծել է որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն փաստում է Հայաստանում ֆրանսերենի զարգացման կայուն առաջընթացը։


«Արդեն իսկ աշխատել ենք ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ուղղությամբ, իսկ այսօր խոսում ենք ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ հմտություններով մասնագետների պատրաստման մասին։ Սա կարևոր և նորարարական քայլ է։ Միևնույն ժամանակ, այն մեր փոքր, բայց նշանակալի ներդրումն է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացում»,- նշել է դեսպանը։


Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները 2027-2028 ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։


Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում, որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը։

Leave a comment