«Ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում»,- այս մասին Կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլև տեղի ներդրողների և ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Այսպիսով՝ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման, նույնանման բարենպաստ վերաբերմունք: Սա նշանակում է՝ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը ՀՀ-ում առկա է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- ընդգծեց Սիրականյանը։