«Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի»․ Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ֊ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում
     Վերջին օրերին ԱՄՆ-ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Իսկ նման պայմաններում իրանական կողմի` ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։
     Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։
     Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում են, որ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի` ԱՄՆ վերջին այցից հետո Իրանի դեմ բազմակողմանի ռազմագործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահետաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։
     Աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, որ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների 2 փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։
     Իսկ կանխատեսվող ռազմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ` տարբեր գերծակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։
     Իսկ ռազմագործողության հաջորդ փուլերը կարող են զարգանալ արդեն` ըստ իրավիճակի։
     Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում, այսինքն` Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովի օրերին, հարձակումը երևի թե տեղի չի ունենա»։

Leave a comment