Սա ՀՀ-ին ուղիղ հիշեցում է, որ մեծ տերությունները դաշնակից բառով չեն առաջնորդվում, առաջնորդվում են շահով

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է.

Ռուսաստանի նախագահը չկարողացավ պաշտպանել իր դաշնակիցներին Վենեսուելայում և Իրանում՝ նախագահ Թրամփի որոշումների հետևանքներից։ Եվ սա Պուտինի առաջին պարտությունը չէ։ 2024 թվականին նա չկարողացավ պաշտպանել Բաշար Ասադին Սիրիայում։ Պուտինի «մեծ տերություն» նախագծի դարաշրջանը մոտենում է ավարտին»,— գրում է Politico-ն։

Սա Հայաստանին ուղիղ հիշեցում է, որ մեծ տերությունները «դաշնակից» բառով չեն առաջնորդվում, առաջնորդվում են շահով։ Երբ գինը բարձր է կամ շահը չկա՝ շատ հանգիստ դավաճանում են, պայմանավորվում են քո հակառակորդի հետ, չեն միջամտում, չեն պաշտպանում։ Պետք է միշտ հիշել՝ մեկ կենտրոնի վրա հենված անվտանգությունը պատրանք է, իսկ պատրանքի գինը վճարվում է մեր ինքնիշխանությամբ։

Հայաստանի դասը հստակ է․ պետության անվտանգությունը չի կարելի պայմանավորել մեկ երկրի կամքի ու հնարավորությունների հետ։ Պետք է դուրս գալ կախվածության ճահճից ու կառուցել ինքնիշխանության իրական հիմքեր՝ սեփական պաշտպանունակություն, ճկուն դիվանագիտություն, բաց ու մրցակցային տնտեսություն, ամուր ինստիտուտներ։ Եվ արտաքին քաղաքականությունը պետք է լինի սառը հաշվարկ՝ ով ինչ իրական երաշխիք է տալիս, ինչ ռիսկ է նվազեցնում, ինչ կախվածություն է պարտադրում և ինչ գին է պահանջում։ Սա պետականության նվազագույն պահանջն է, որ Հայաստանը երբեք չդառնա ուրիշների գործարքի մանրադրամը։

Leave a comment