Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը Վրաստանի համար ռիսկեր չի ստեղծում. Բոճորիշվիլի


Այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցման հարցը։ Թբիլիսին վստահ է, որ դա լավ է տարածաշրջանի համար՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։


Մակա Բոճորիշվիլու խոսքով՝ նոր երթուղիները միայն կմեծացնեն տարածաշրջանի կարևորությունը կապակցվածության տեսանկյունից։


«Ես որևէ ռիսկ չեմ տեսնում։ Վրաստանը չի անհետանա քարտեզի վրայից և չի կորցնի ռազմավարական դերը։ Պարզապես կապերի մասին խոսողները երբեմն չեն հիշատակում Վրաստանը՝ որպես Եվրոպայի հետ կապի օղակ, և դա կասկածի տակ է դնում նրանց կոմպետենտությունը»,- հավելել է դիվանագետը։


Նախարարի խոսքով՝ որևէ երթուղի չի փոխարինի Վրաստանին, քանի որ այնտեղով անցնող ճանապարհի պահանջարկը տարեցտարի աճում է։ Բոճորիշվիլին հավելել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները:


Վրաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ երկիրը վաղուց անկեղծորեն ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։


«Մենք ցանկանում ենք, որ երկրում խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն տիրի՝ առանց արտաքին միջամտության։ Սա նախապայման է՝ Եվրամիությանը միանալու համար»,- շեշտել է նախարարը, հավելել՝ իշխանության հայտարարած նպատակն է մինչև 2030 թվականը պատրաստ լինել ԵՄ-ին անդամակցության համար:

Leave a comment