Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։
ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ նախաձեռնել է քրվարույթ։
«Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նաև հայտնել է, որ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։