Որոշել են համայնքապետերի վախը բռնել, ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ 

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել: Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի: Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն` կպատժեն։ 

Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից: Նախ՝ անվտանգ աշխատելու բոլոր ձեւերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ 

«Փաստի» տեղեկություններով, քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք քպականներ՝ հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։

Մասնավորապես, քպականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում գրանցված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել էր 298 կողմ ձայն՝ առաջ անցնելով մի շարք հայտնի և ակտիվ պատգամավորներից (ու ոչ միայն պատգամավորներից, այլև ՔՊ-ի «հնաբնակներից»), թեև, ինչպես մեր քպական աղբյուրն է նշում, կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ. մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են, ցուցակներով փոխանակվել։ 

Արդյունքում ՔՊ-ի մի շարք պատգամավորներ բավականին «հետ են մնացել» ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում՝ ընդհուպ առաջին հիսնյակում։ Օրինակ՝ բարձր քվեներ են ստացել Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ երիտասարդական կազմակերպությունից՝ Արաքսյա Վարդանյանը, Վայոց ձորից՝ Հայկ Ավագյանը, և այլն։ 

Թեպետ ՔՊ-ում հակված են «սուսուփուս անցնել» այս երևույթի կողքով, բայց, մեր տեղեկություններով, ներքին պահանջ կա գտնել և պատժել դրա բոլոր մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ «սլիվ անել» կազմակերպիչների անունները։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։ 

Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի: 

«Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին՝ պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով: Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։

Leave a comment